Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց իրենց բողոքի ցույցն էին անցկացնում մի խումբ քաղաքացիներ, ովքեր դեմ են Հայաստանի` Մաքսային միություն մուտք գործելուն:
Ակցիայի վայր եկավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատահական է այդտեղով անցնում և չի մասնակցում ցույցին: Սակայն զրույցի ընթացքում նա նկատեց «Դեմ ենք սովետական կարգերի վերադարձին» անվամբ պաստառն ակտիվիստների ձեռքին և հայտարարեց, որ ինքն էլ է միանում ցույցին:
Մաքսային միությանը միանալու հարցերը, նրա կարծիքով, որոշվում են միայն հանրաքվեների ճանապարհով:
«Մենք շատ լուրջ որոնումների կարիք չունենք, քանի որ տեղի է ունեցել Հայաստանի որդեգրած ուղեգծից շեղում, Հայաստանի իշխանությունների բազում հայտարարած ուղուց շեղում, որքանով է դա վերջնական, երևի մի քիչ պետք է համբերենք: Եթե նախագահի խոսքն արժեք ունի, ուրեմն` ունի: Նրա խոսքը, որ ձգտելու ենք դեպի եվրոպական միություն, արժեք ունե՞ր: Եթե արժեք ուներ, ուրեմն արժեք ունի», - նշեց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը փաստորեն որոշում է կայացրել և հայտարարություն արել ողջ ժողովրդի անունից, Պ. Հայրիկյանը մեկնաբանեց, որ Սերժ Սարգսյանն է միանում, ինքը դրա իրավունքն ունի: «Ինքը Հայաստանի անունից շատ բան կարող է հայտարարել, բացի հայ ժողովրդի ստրատեգիային վերաբերող հարցերին: Իմ անունից չի կարող ասել: Դարձի ճանապարհի մասին թող իրենք մտածեն», - հայտարարեց նա:
Ըստ Պ. Հայրիկյանի, Պուտինը ստեղծում է սովետական միություն և չի թաքցնում դա: Նրա խոսքերով, այսպիսի հայտարարությունները որոշում դառնալու համար երկար ճանապարհ են անցնում և մեկ օրում տեղի չեն ունենում: