ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր անցկացված բողոքի ակցիային մասնակցում էր նաև Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ըստ նրա, Մաքսային միությանը միանալու` երեկ արված Սերժ Սարգսյանի հայտարարությունը հակասահմանադրական է:
Լ. Բարսեղյանի խոսքերով, Հայաստանի Սահմանադրությունը որևէ մեկին թույլ չի տալիս հանրության անունից այս կամ այն միության մեջ մտնելու հայտարարություն անել:
«Անհնար է, որ էդ տեսակ պաշտոն զբաղեցնող մարդը գնար էնտեղ ու անակնկալի գար: Թող խփեր ինքն իրան, եթե զգում էր, որ իրեն պարտադրում են մի բան, որը հակասում է իր ղեկավարած երկրի շահերին: Հազար լուծում կա, թագավորների պատմություն ունենք, թող մի մեշոկ հող տաներ, փռեր, հողի վրա ելնել ու սկսեր բանակցել Վալոդի հետ»,- նշեց Լևոն Բարսեղյանը:
Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանի փոխարտգործնախարարներից Զոհրաբ Մնացականյանը վերջին տարիներին ակտիվորեն բանակցում էր եվրոպացի պաշտոնյաների հետ: «Բա էդ ընթացքում ասեիր՝ ապեր, թարգը տուր էլի: Միլիոնավոր դոլարներ են ծախսվել այդ բանակցությունների վրա»,- նշեց նա:
Նրա խոսքերով, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Սերժ Սարգսյանն իր իմաստուն խելքով գնացել սատանի մայլեն` Կրեմլում քյանդրբազ էր խաղում:


