SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական ահազանգն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քիչ առաջ «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան իրականացված թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, սակրավորներից: Տեղում են նաև «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության կինոլոգները:
ԱԻՆ-ի սակրավորները պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք, որպեսզի զննվի: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը՝ մինչև համապատասխան գերատեսչությունների ծառայողները կատարեն իրենց աշխատանքը: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: