Երևանի «Երազ» այգում ապրիլի 10-ին, ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացին 7 մետր բարձրություն ունեցող ճախրուղուց (զիփլայնից) վայր է ընկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։

Կայքը նշում է, որ հիվանդանոցում, գիտակցության չգալով, քաղաքացին մահացել է։

Տեղում աշխատում են ոստիկանները, որպեսզի պարզեն մահացածի ինքնությունը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։