Ուկրաինայում նահանջն ու պատերազմական հանցագործություններն արդարացնելու փորձերին զուգահեռ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փորձում է կառչել «Հայկական ճակատից»։
Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն ցանկանում Մինսկի խմբում խոսել Ռուսաստանի հետ՝ դրանով իսկ «զոհաբերելով Հայաստանի շահերը» և վտանգելով Մինսկի խմբի ապագան։ Միևնույն ժամանակ, Լավրովը չի նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվան, շրջանցելով Մինսկի խումբը, ստեղծեց «եռակողմ ձևաչափ», «դադարեցրեց պատերազմը» Շուշիի հանձնումից հետո և զորքեր տեղակայեց։ Այն ժամանակ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չհայտարարեցին Մինսկի խմբի ավարտի մասին՝ համբերատար սպասելով, որ Մոսկվայի փաստարկները սպառվեն։
Հիմա, երբ ուկրաինական պատերազմում եկել է «Շուշիի հանձնման» օրը՝ 44-րդ օրը, Մոսկվան սկսել է խոսել Ուկրաինայում պատերազմի մոտալուտ ավարտի մասին՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի աշխատանքը խաթարելու մեջ։ Երեւում է՝ Ուկրաինայում հաջողության հույսեր չեն մնացել, ինչպես Հայաստանում ունեցան։
Ռուսաստանի դուրս գալը Մինսկի խմբի համանախագահությունից չի նշանակի այս ձեւաչափի ավարտ։ Դրանով կավարտվի Ռուսաստանի մասնակցությունը Հարավային Կովկասի գործընթացներին
Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրներից ստացել ենք այդ ձևաչափով աշխատելու պատրաստակամության երաշխիքներ, ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, թե Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Հայկական կողմը կանի ամեն ինչ պատերազմից հետո ընդհատված բանակցությունները վերսկսելու և շարունակելու համար»։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարմանը», ասել է Արարատը Միրզոյանը Լավրովին։ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքը՝ միջազգային հանրությունից ստացած մանդատի համաձայն։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/09/710278/