Իսրայելական զինվորականները հաղորդել են զինված պաղեստինցիների հետ բախումների մասին՝ Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր հատվածներում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Գիշերվա ընթացքում բանակը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Յաբադ գյուղում՝ Հորդանան գետի արևմտյան ափի մոտ, որտեղից եկել էր ահաբեկիչը, որը մարտի 29-ին ահաբեկչություն է իրականացրել Իսրայելի Բնեյ Բրաք քաղաքում։

Ահաբեկչության հետևանքով զոհվել էր հինգ մարդ: Հակաահաբեկչական գործողության ընթացքում բանակի հատուկ ջոկատայինները ձերբակալել են ութ կասկածյալ պաղեստինցիների և առգրավել նրանց ապօրինի զենքերը: Նրանցից մեկը ինքնաշեն պայթուցիկ է նետել իսրայելական զինվորների վրա, ինչին ի պատասխան զինվորները վնասազերծել են կասկածյալին: Մեր կողմից վիրավորների մասին տեղեկություններ չկան»,- նշված է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Բացի այդ, ապրիլի 10-ին մի կասկածյալ պաղեստինցի մոտեցել է իսրայելական բանակի զինվորներին՝ Հուսան գյուղի մերձակայքում: Զինվորները գործող կարգի համաձայն նախազգուշական կրակոցներ են արձակել օդում, սակայն կասկածյալը շարունակել է մոտենալ, և զինվորները կրակ են բացել կասկածյալի ոտքերի վրա։


Զինվորականները դեպքի վայրում բուժօգնություն են ցուցաբերել կասկածյալին, որից հետո նրան հանձնել են բժիշկներին՝ հետագա բուժման համար»,- հայտնել են իսրայելի զինվորականները՝ նշելով, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ բանակը ապրիլի 10-ին երկրորդ օրն անընդմեջ գործողություն է իրականացնում Պաղեստինի Հորդանան գետի Արևմտյան ափի խոշոր Ջենին քաղաքում, որտեղ հինգշաբթի օրը երեք իսրայելցիների սպանած ահաբեկիչը ապրել է: Շաբաթ օրը զինվորականները հատուկ ջոկատայինների մասնակցությամբ գործողություն են իրականացրել Ջենինում և հարակից փախստականների ճամբարում: Արդյունքում ձերբակալվել են մի քանի կասկածյալներ: