Հռոմեական «Ավրորա» առանձնատունը, որի առաստաղին Կարավաջոյի միակ որմնանկարն է, աճուրդում երկու անգամ ձախողվել է: Այն չեն ցանկանում նույնիսկ 20 տոկոս զեղչով գնել, գրում է Artnet-ը։
Առաջին անգամ առանձնատունը վաճառքի դրվել է հունվարին՝ 471 մլն եվրոյով։ Այն ժամանակ գնորդ չէր գտնվել, եւ ապրիլին այն կրկին հայտնվել է աճուրդում՝ 282 մլն եվրո մեկնարկային գնով, սակայն նորից գնման առաջարկներ չեն եղել։
Այս առանձնատունը կառուցվել է 1570թ․՝ որպես կարդինալներից մեկի որսորդական տնակ։ 1597թ․ առաջին սեփականատերը Կարավաջոյին որմնանկար է պատվիրել։ Նկարիչն այն նկարել է յուղաներկով՝ մի սենյակի առաստաղին: Նկարը պատկերում է հռոմեական աստվածներ Յուպիտերին, Նեպտունին եւ Պլուտոնին։
Երկար տարիներ որմնանկարը թաքնված է եղել հանրության աչքից, եւ նորից հայտնաբերվել է միայն 1960-ականներին՝ շենքի վերանորոգման ժամանակ։ Առանձնատան ներսում կա նաեւ Գվերչինոյի որմնանկարը, որում պատկերված է աստվածուհի Ավրորան։ Նրա պատվին էլ անվանել են կալվածքը:
Բացի այդ, առանձնատան նոր սեփականատերը կդառնա բազմաթիվ արժեքավոր արտեֆակտների՝ Գալիլեոյի աստղադիտակի, Մարի Անտուանետի նամակների եւ Միքելանջելոյի քանդակի սեփականատեր:
Առանձնատունն աճուրդի է հանվել դատարանի վճռով, որն ընդունվել է, երբ այն ժառանգության համար պայքարի առարկա է դարձել արքայազն Նիկոլո Բոնկոմպանիի այրու եւ որդիների միջեւ։ Արքայազնը մահացել է 2018թ.։ Նրա նախնիներն առանձնատունը 1621-ին են գնել։
Այժմ Իտալիայում ստորագրահավաք է շրջանառվում, որը կոչ է անում կառավարությանը գնել տունը, որպեսզի այն պատկանի ոչ թե մասնավոր անձի, այլ պետությանը։