Ավելի վաղ YerevanNews.am-ը տեղեկացրել էր, որ դեռևս 2010թ ապրիլ ամսին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո հայտարարվեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին:
Ծրագրի մեկնարկից հետո մի քանի անգամ հայտարարվեց շինարարական աշխատանքների ավարտին չհասցվելու մասին և վերջին անգամ շահառուներին տեղեկացրել էին, որ օգոստոսի 15-ից հետո բնակարանները կհանձնվեն իրենց:
Սակայն պարզվեց, որ այս ժամկետն էլ բավարար չէր` շենքն ավարտին հասցնելու համար:
Եվ ահա այստեղ սկսվեց շահառուների մտահոգության առիթը` ինչու՞ իրենց բնակարանների կառուցումն ավարտին չի հասցվում:
Ավելի վաղ YerevanNews.am-ի հետ զրույցում Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի շահառու Ալվինա Աղաբաբյանը հայտնել էր, որ, երբ իրենք այցելել են շինարարության վայր` հասկանալու համար, թե որն է խնդիրը, պարզվել է, որ շինհրապարակում չի եղել աշխատող շինարար, քանի որ նրանց փոխանցել են, որ շինարարներն արդեն 6 ամիս աշխատավարձ չեն ստացել, հետևաբար շինարարական աշխատանքները դադարեցված են:
Այս հրապարակումից մի քանի օր հետո «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. ««Ի Էմ Էյջ Քոնսթրաքշըն» փակ բաժնետիրական ընկերության կողմից դրսևորված անպատասխանատու գործելաոճի արդյունքում շենքի կառուցման շինարարական աշխատանքները մինչ օրս չեն ավարտվել, սակայն շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով մեր միավորման կողմից համալիրի կառուցման պայմանագրային արժեքը վճարվել է ամբողջությամբ»:
YerevanNews.am-ը կապ հաստատեց «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշըն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի հետ, ով մեր գրավոր հարցմանը ի պատասխան տեղեկացրեց.
«Ծարավ աղբյուրի 55/6 հասցեում շինարարությունը «Ի- Էմ- Էյջ Քոնսթրաքշն» ընկերությունն իրականացնում է ցածր արժեքով, ինչը աշխատանքների ընթացքի համար որոշակի խնդիրներ ու բարդություններ է առաջացրել»:
Տեղեկատվությունն ամբողջական լինելու համար, YerevanNews.am-ը կապ հաստատեց նաև «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ, ով հայտնեց, որ ինքը իրավասու չէ պատասխանել, թե ինչու շինարարական կազմակերպությունն իր աշխատակիցներին աշխատավարձ չի վճարում:
«Մեր ծրագրերը սոցիալական ուղղվածություն ունեն և շուկայում առանձնանում են հենց դրանով, որ մեր շահառուները բնակարանները ստանում են շուկայականից էապես ցածր գներով` մոտ երկու անգամ էժան գնով: Ի պատիվ նախկինում մեր լավ համագործակցության օրինակին «Գլենդել հիլզի» հետ, որը ուղղակի և անուղղակի աղերսներ ունի «Ի էմ էյջ քոնսթրաքշն» ընկերության հետ և նրան կապակցված կազմակերպություն է, եթե ոչ իրավական, ապա բարոյական առումով, պայմանագիրը կնքվել է 2.5 տարի առաջ, որոշակի ռիսկեր հաշվարկված են եղել, կնքված պայմանագիրը հետագայում մի քանի լրացում է ունեցել: Ամբողջ գումարը մենք վճարել ենք և որևէ ֆինանսական պարտավորություն կատարող կազմակերպության առջև չունենք, դեռևս հունիս ամսից: Մենք վճարել ենք` ընդառաջ գնալով այն ցանկությանը, որ շինարարը մեզ խնդրեց, չնայած կատարողական չլինելու հանգամանքին, որ գործը շուտ ավարտվի և կհանձնվի մեզ, մենք էլ վճարել ենք ամբողջ արժեքը»,-իր խոսքում նշեց Արսեն Քարամյանը:
Վերջինս հայտնեց, որ վճարումից առաջ բանավոր հստակ պայմանավորվածություն է եղել հիշյալ կազմակերպության ներկայացուցիչների հետ, որ շինարարությունն առնվազն մինչև օգոստոսի 15-ը պետք է ավարտված լինի:
«Ճիշտ են նշում մեր այն բոլոր շահառուները, որ ասում են, թե շինարարությունը չի ավարտվել: Այժմ պահանջել ենք կատարել խոստումը և աշխատանքները սկսել այն ծավալով և թափով, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետներում ավարտել շինարարությունը: Օգոտսոսի 30-ից որոշակի աշխատանքների վերսկսում է նկատվել, սակայն ես պնդում եմ, որ հիշյալ տեղաշարժը դրական առումով բավարար չի ընկալվում մեր կողմից դեռևս»,-նշեց Ա. Քարամյանը:
Վերջինս մեզ հայտնեց, որ շահառուները գումարի 15 տոկոսը իրենց պետք է վճարեն բնակարան ստանալուց հետո միայն: Այդպիսին է եղել պայմանավորվածությունը նաև շինարարի հետ, սակայն աշխատանքներն արագացնելու համար, Արսեն Քարամյանի խոսքով, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն այլ միջոցների հաշվին ամբողջական գումարը վճարել է շինարարական կազմակերպությանը` ակնկալելով պատշաճ որակի շինարարական աշխատանք:
«Օբյեկտիվորեն շինարարը կարող է դժվարություններ ունենալ, դա չգրված կանոն է, սակայն ցանկացած շինարար էլ շատ թե քիչ փորձառություն ունեցող կամ ճանապարհ անցած , ցանկացած աշխատանք սկսելու ժամանակ որոշակի ռիսկերի հաշվարկ է կատարում և ռիսկերի կառավարում է կատարում: Հիմա, եթե որոշակի ծառայություններ թանկացել են, բնակաբանար որոշակի նեղություն ինքը պետք է կրի, բայց այդ նեղությունը չի կարող իրեն ազատել պայմանագրային պարտավորություններից»,-նշեց Արսեն Քարամյանը, ավելացնելով, որ իրենք ամեն ինչ անում են հնարավորինս սեղմ ժակմետներում վերջացնել աշխատանքը:
Շինարարական կազմակերպությունը մեր գրավոր հարցմանը ի պատասխան նշել է նաև, որ շենքի մինչև 5-րդ հարկերի բնակարանների ու սպասարկման տարածքների շինարարությունն ավարտվել և հանձնվել է կառուցապատողին՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին, 6-10-րդ հարկերի բնակարանների հարդարման աշխատանքները ավարտական փուլում են, 11-14-րդ հարկերի բնակարանների ներքին հարդարումն ընթացքի մեջ է, նախատեսվում է ավարտել 1-1.5 ամսվա ընթացքում:
Հ.Գ. Երկու կողմի պարզաբանումները լսելուց, ինչպես նաև շահառուի մտահոգության առիթը հասկանալուց հետո, մեզ մնում է միայն ասել, որ կառուցապատողի և շինարարական կազմակերպության միջև առաջացած անհամաձայնությունների պատճառով իրականում այստեղ վնաս կրած կողմ է հանդիսանում համալսարանականը, գիտնականը, ով արդեն 2 տարի է, ինչ անհամբեր սպասում է իր նոր բնակարանին:
Ե՞րբ կավարտվի շենքի շինարարական աշխատանքները կամ արդյո՞ք հերթական հայտարարությունը չի տարածվի կառուցապատողի կողմից, որ շինարարական կազմակերպության անպատասխանատու աշխատելաոճի պատճառով հետաձգվում է շենքի շահագործումը, սրանք հարցեր են, որոնք դեռևս պատասխան չունեն: