Նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրում է ցեղասպանության մեջ։ Բայդենն այդ մասին ասել է երեքշաբթի Այովայում ունեցած ելույթում, որը նվիրված էր բենզինի գների բարձրացմանը եւ առհասարակ գնաճի տեմպերին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Ձեր ընտանեկան բյուջեն, բենզաբաքը լցնելու ձեր կարողությունը, այս ամենը չպետք է կախված լինի այն բանից, որ սարերի հետեւում գտնվող բռնապետը պատերազմ է հայտարարել եւ ցեղասպանություն է կատարում»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Այովա նահանգի մայրաքաղաք Դե Մոյնից 70 կիլոմետր արեւմուտք գտնվող Մենլո փոքր քաղաքում։
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ամերիկյան լցակայաններում բենզինի արժեքի կտրուկ բարձրացման վրա ազդող հիմնական գործոնը Պուտինի ներխուժումն է Ուկրաինա, որտեղ ռուսական զորքերին մեղադրում են քաղաքացիական բնակչության հանդեպ բռնությունների մեջ։
Ուկրաինան Ռուսաստանին ռազմական հանցագործությունների կատարման մեջ մեղադրում էր դեռեւս այն բանից առաջ, երբ Կիեւի արվարձան Բուչայում հայտնաբերվել էին խաղաղ բնակիչների հարյուրավոր մարմիններ, որոնց ենթադրաբար սպանել էին ռուսաստանցի զինվորականները։
Անցած շաբաթ Բայդենը Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ» եւ կոչ էր արել Ռուսաստանի նախագահին դատի տալ, որպեսզի նա պատիժ կրի իրեն վերագրվող հանցագործությունների համար։
Բայց Միացյալ Նահանգները չի օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ ղեկավարվելով միջազգային արձանագրություններով՝ ելնելով իրավաբանական սահմանման խստությունից եւ մեղադրանքի ծանրությունից։
Անցած շաբաթ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կարող են արդյոք ցեղասպանության հավասարվել սպանությունները Բուչայում, Բայդենն ասել էր. «Ոչ, ես կարծում եմ, որ դա ռազմական հանցագործություն է»։
«Ես դա ցեղասպանություն եմ անվանել, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու գաղափարն իսկ։ Եվ դրա ապացույցներն ավելանում են»,- ասել է Ջո Բայդենը Վաշինգտոն թռչելուց առաջ։
«Մենք իրավաբաններին թույլ կտանք միջազգային մակարդակով որոշել՝ կարելի՞ է արդյոք դա որակել այդպես, թե՞ ոչ, բայց ինձ համար այդպես է, որ կա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը բազմիցս Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ է անվանել, բայց մինչ այդ չէր հայտարարել, թե Ռուսաստանն Ուկրաինայում ցեղասպանություն է իրականացնում։