Lragir.am-ը գրում է․ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Բաքվի ԱԳ նախարարների միջև՝ «սահմանազատման, խաղաղության պայմանագրի» եւ այլ հարցերի շուրջ։ Միրզոյանն ու Բայրամովը զրուցել են, երբ Երեւանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն։
Այս այցը ոչ միայն հաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի «չեղարկվել» Արեւմուտքի կողմից, ինչպես պնդում էր Լավրովը, այլեւ կարող է գործել առանց Ռուսաստանի։ Սպասվում է նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանումը Երեւան։
Մոսկվան ու Բաքուն շտապում են ամրագրել ոչ միայն 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքները, այլև 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի ընդլայնված կիրառումը Հայաստանի դեմ՝ Արցախի ու Նախիջեւանի օտարմամբ։ Ռուսական զորքերի առկայությունը Արցախում երաշխիք է, որ Հայաստանը չի դիմադրելու։
Օրերս կայացել են Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցները. Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը պնդել է եռակողմ պայմանավորվածությունների կատարումը և աջակցել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին խաղաղ համաձայնագրի ստորագրման և սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ։
Փաշինյան Պուտին
Փաշինյանի այցը Մոսկվա նախատեսված է ապրիլի 19-ին. ՀՀ իշխանությունը համառորեն կառչում է եռակողմ պայմանավորվածություններից և ռուս-թուրքական «կարգավորման» ծրագրից։
«Բրյուսելում որոշում է կայացվել մինչև ապրիլի վերջ ձևավորել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով, որը կունենա երկակի մանդատ՝ սահմանազատման աշխատանքներ և սահմանի երկայնքով անվտանգության ու կայունության ապահովում», ասել է Փաշինյանը։ Միաժամանակ նա նշել է, որ սահմանազատումը տեղի է ունենալու խորհրդային սահմանների հիման վրա։
«Դուք գիտեք, որ կան Հայաստանի տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ», ասել է Փաշինյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում