«Ոչ բարեկամական երկրների» բանկերը ձգձգում են ռուսական էներգակիրների դիմաց վճարումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրել է, որ արդեն խնդիր է դրվել վճարումները փոխանցել ազգային արժույթով, աստիճանաբար հեռանալ դոլարից եւ եվրոյից։ «Այսպես կոչված ոչ բարեկամական երկրների գործընկերները խոստովանում են, որ չեն կարող առանց էներգառեսուրսների, այդ թվում՝ բնական գազի։ Դրա ողջամիտ փոխարինումը Եվրոպայի համար այժմ պարզապես բացակայում է: Այո, հնարավոր է, բայց հիմա բացակայում է։ Սա հասկանում են բոլորը, շուկայում պարզապես այժմ անվճար ծավալներ չկան, եւ այլ երկրներից, առաջին հերթին ԱՄՆ-ից մատակարարումները, որոնք կարող են ուղարկվել Եվրոպա, սպառողների վրա շատ թանկ կարժենան, կազդեն մարդկանց կենսամակարդակի եւ եվրոպական տնտեսության մրցունակության վրա»,-ասել է Պուտինը։


Նրա խոսքով, եվրոպական երկրներն անընդհատ խոսում են ռուսական մատակարարումներից հրաժարվելու մասին, ինչն էլ ավելի է ապակայունացնում շուկան։

Պուտինը նշել է, որ ռուսական էներգակիրների արտահանումը դեպի Արեւմուտք տեսանելի ապագայում կկրճատվի։ «Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտահանումը։ Մենք ելնելու ենք նրանից, որ տեսանելի ապագայում էներգառեսուրսների մատակարարումն արեւմտյան ուղղությամբ կկրճատվի։ Ուստի կարեւոր է ամրապնդել վերջին տարիների միտումը. քայլ առ քայլ վերաուղղորդել մեր արտահանումը դեպի հարավի եւ արեւելքի արագ զարգացող շուկաներ։ Դրա համար մոտ ապագայում անհրաժեշտ է սահմանել հիմնական ենթակառուցվածքային օբյեկտները եւ սկսել դրանց շինարարությունը»,-ասել է Պուտինը։