ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:
Հարց․ Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը:
Պատասխան․ Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։
Հարց․ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան․ Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր:
Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: