Ուկրաինան հայտնել էր թեւավոր հրթիռներով Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավին հարվածելու մասին։ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր տեղի ունեցած հրդեհն ու պայթյունը, սակայն չէր նշել դրանց պատճառը։ Միեւնույն ժամանակ, ՊՆ-ն հայտնել էր, թե նավը դեռեւս լողունակ է եւ փորձ է արվում տարհանել բազա։

Նավի վրա եղել է 500-ից ավելի զինծառայող։ Ըստ տեղեկությունների, էվակուացիան իրականացնում են թուրքական նավերը, որպեսզի ռուսական փրկարար նավերը չհայտնվեն ուկրաինական նշանառության տակ։ Նավաստիների մի մասին այնուամենայնիվ չի հաջողվել փրկել, ինչը հաստատել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ «Մենք կիմանանք, թե ովքեր են խորտակվել նավի հետ, եւ նրանց հարազատներին առանց աջակցության չենք թողնի», ասել է պատգամավորը։

Տեղյակ աղբյուրները պնդում են, որ Պուտինը ծանր է տարել «Մոսկվայի» դեպքը եւ կոշտ խոսակցություններ է ունեցել պատասխանատուների հետ։ Բացի ռազմական առումով խոշոր կորստից, նավը խորհրդանշական ահռելի նշանակություն ուներ Կրեմլի համար, եւ ոչ միայն անվան առումով։

Իր հերթին, տեղի ունեցածը նախանշում է ուկրաինական ռազմական կարողությունների նկատելի աճ, որը կապված է ամերիկյան Լենդ լիզի ծրագրի գործարկման եւ արեւմտյան երկրների նոր մատակարարումների հետ։ Պատերազմի նոր փուլում Ուկրաինան ստանում է օդուժ, հեռահար եւ ծանր տեխնիկա, այդ թվում հականավային։

Այս հանգամանքն առանցքային է այլ տեսանկյունից․ Ռուսաստանը հայտարարում է Ուկրաինայի տարածքում «օրինական թիրախների» մասին, ուկրաինական կողմը ստանում է դրան համարժեք արձագանքելու հնարավորություն՝ կրակակետերը ոչնչացնելու առումով։ Երկու հատուկ գործողությունները ՌԴ Բելգորոդ քաղաքի զենքի եւ վառելիքի պահեստների դեմ, որտեղից սնուցվում էին ռուսական զորքերը, եւ վերջապես «Մոսկվայի» հրթիռակոծությունը հաստատում են այդ հնարավորությունը։ Պատերազմը կարող է տեղափոխվել ՌԴ տարածք, ուկրաինական քաղաքների հեռահար հրթիռակոծումների ու բնակչության շրջանում մեծ կորուստների պայմաններում։

Թուրքիան իր հերթին մեծացնում է իր «միջնորդական» ազդեցությունը, ինչը Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ արշավի ուղիղ հետեւանքն է։ Ոչ միայն Կովկասը, այլեւ Ղրիմը դառնում է Թուրքիայի «օրինական թիրախը» ռուսական քաղաքականության արդյունքում։ Խորտակվող «Մոսկվային» թուրքերի օգնությունը նույնպես խորհրդանշական է՝ թուրքերի հովանու տակ որպես ուլուս գոյատեւելու Կրեմլի վարչակարգի հույսերի համատեքստում։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/14/711320/