Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։

«Մեր զինված ուժերը սկսել են «Ճանկ» օպերացիան ահաբեկիչների դեմ՝ կանխելու ահաբեկչական հարձակումները մեր ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ հյուսիսային Իրաքից և ապահովելու մեր անվտանգությունը»,- մեջբերել է Anadolu գործակալությունը։

Աքարը հավելել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հաջողությամբ գրոհել են ապաստարանները, բունկերը, քարանձավները, թունելները, զինամթերքի պահեստները և PKK-ի շտաբը։ Գործակալության տվյալներով՝ գործողությանը մասնակցում են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Իրաքում այն օբյեկտներին, որտեղ այս կազմակերպությունն ունի ճամբարներ, ապաստարաններ, հրամանատարական կետեր և զենքի պահեստներ։ Նման անդրսահմանային գործողությունների համար զինվորականներին սանկցիա է տալիս խորհրդարանը, որը վերջին տարիներին երկարաձգել է մեկ տարով տրված համապատասխան մանդատը։ Բաղդադն իր հերթին դատապարտում է թուրք զինվորականների գործողությունները՝ դրանք համարելով Իրաքի ինքնիշխանության խախտում։