ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, թե Մարտակերտի շրջանի Հացավան բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձանագրվել է շփման գծի հաստատված խախտում։ Բաքվի զորքը առաջ են գնում տարբեր ուղղություններով. մարտին գրավել են Փառուխ գյուղը և գերիշխող բարձունքը, ապացույցներ կան, որ Կարմիր շուկա գյուղի մոտ դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել։


Այս բոլոր դեպքերում հայկական կողմը դիմում է ռուս խաղաղապահներին և ստանում տարբեր, հաճախ հակասական պատասխաններ իրենց մանդատի վերաբերյալ։ Իսկ ո՞րն է ռուս խաղաղապահների մանդատը Արցախում։

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը պարունակում է ընդամենը երեք նախադասություն նրանց վերաբերյալ՝ նրանք տեղակայվում են «Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով»։ «Գտնվելու ժամկետը 5 տարի է՝ ավտոմատ երկարաձգմամբ հետագա 5-ամյա ժամանակահատվածների համար, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին»: «Զինադադարը վերահսկելու համար տեղակայվում է խաղաղապահ կենտրոն, Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն) մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի հսկողության տակ»։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը սահմանող փաստաթուղթը։ Կարելի է ենթադրել, որ նման փաստաթուղթ կա, բայց Բաքուն այն չի ստորագրել։ Չի վացառվում, որ ոչ մի փաստաթուղթ էլ չկա։

ՌԴ ՊՆ-ում անանուն աղբյուրը RBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «խաղաղապահներ են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտող կողմերի միջև նոր փոխհրաձգությունները կանխելու և հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։ Խաղաղապահները դիտակետեր են տեղադրել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։ Մեր խաղաղապահները վերահսկում են տարանցիկ երթևեկության անվտանգությունը և դադարեցնում անօրինական գործողությունները խաղաղ բնակչության դեմ։ Շփման գծի երկայնքով պարեկություն, ավտոշարասյուների և բեռների ուղեկցում են ձեռնարկել ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները»։ Թե որտեղ է այդ ամենն ամրագրված, աղբյուրը չի ասել։


Ի՞նչ պետք է անեն խաղաղապահները, եթե Բաքուն հարձակման անցնի։ Իրավունք ունե՞ն կրակ բացելու։ Ի՞նչն են նրանք համարում շփման գիծ և, համապատասխանաբար, դրա խախտումը։ Օրերս խաղաղապահները հայ պատգամավորներին չեն թողել Արցախ՝ «սադրանքներից խուսափելու համար»։ Խաղաղապահները կատարում են նաեւ սահմանապահի՞ դեր։

Փորձագետների կարծիքով, Մոսկվան չի «փաստաթղթավորել» իր խաղաղապահ զորախմբի լիազորությունները Բաքվի հետ «բանավոր» համաձայնության շրջանակում, ինչը մանեւրի, հընթացս լիազորությունները «փոխելու» եւ պատասխանատվություն չստանձնելու հնարավորություն է տալիս։ Մանդատի բացակայությունը հայկական տարածքի «ընդունման-հանձնման» երաշխիքն է։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/16/711759/