«ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ կազմակերպված միջոցառմանը մասնակցում Էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վերջինս մոտ 45 րոպե տևած միջոցառման ողջ ընթացքում ընդամենը մի քանի անգամ կարողացավ իր դեմքին արհեստական ժպիտ հաղորդել։ Տխուր Էր Հայաստանի վարչապետը։ «Ձեր համար անակնկա՞լ Էր այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում»,– հարցրեցինք վարչապետին, նկատի ունենալով Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշման հրապարակումը։ «Չեք տեսնո՞ւմ՝ խոսում ենք»,– ասաց վարչապետը, որը այդ պահին լուռ ու տխուր քայլում Էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ։
Միջոցառման ողջ ընթացքում վարչապետը մերթ ընդ մերթ հայտնվում Էր լրագրողների տեսադաշտում։ «Պարոն վարչապետ, ինչպես կմեկնաբանեք...»,– չէին հասցնում նույնիսկ հարցը ավարտել լրագրողները և լսում էին պատասխանը՝ «Ուշանում եմ»։ «Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում...»,– փորձում էին հարցը մինչև վերջ ձևակերպել լրագրողները։ «Շտապում եմ»,– հնչում էր պատասխանը։ Իսկ վարչապետի երեկվա պահվածքի ողջ «հմայքն» այն է, որ նա սովորաբար դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Ճիշտ է, վերջին շրջանում նա ինչ-որ ակնարկներ էր անում Մաքսային միությանն ինտեգրվելու անհրաժեշտության մասին, բայց բոլորը գիտեին, որ նա դեմ է այդ անդամակցությանը և մինչև անցած շաբաթվա վերջ համոզված է եղել, որ Հայաստանը ստորագրելու է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը»,- այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Վարչապետը համոզված է եղել, որ Հայաստանը ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը
