Ուկրաինայում ՌԴ ռազմական պլանների տապալման պատճառով ուժային բլոկում առաջացած հակասություններն աստիճանաբար բացահայտվում են։ Ձերբակալվել են ՖՍԲ 5-րդ ծառայության ղեկավարը եւ մի շարք աշխատակիցներ, որոնց կասկածում են տեղեկատվության արտահոսքի եւ ՌԴ ղեկավարությանը ոչ ճիշտ զեկույցներ տրամադրելու մեջ։ Խոսվում է, որ ձերբակալվել են նաեւ ԳՇ մոտ երկու տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատվում։ Հրապարակային դաշտից կրկին «անհետացել» է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչը կապված է ռուսական վերնախավում սկսած դիմակայության հետ։


Վերջին շրջանում ռուսական վերնախավում Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ հակասական հայտարարությունները կապված են վերնախավի «երկատման» հետ։ Քաղաքական-քարոզչական մասը կողմ է ամեն գնով Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելուն, եւ որքան էլ տարօրինակ է՝ զինվորականները հանդես են գալիս ռազմական գործողությունները Դոնբասում սահմանափակելու օգտին։

Զինվորականների դիրքորոշումը պայմանավորված է բանակի մեծ կորուստների, լոգիստիկ խնդիրների, սպառազինության որակների, ուկրաինական արդյունավետ դիմադրության հետ։ Մեծ հարված էր Մոսկվա հածանավի խոցումն ուկրաինական ուժերի կողմից։ Բացի այդ, Բուչայում եւ այլ բնակավայրերում բացահայտվել է ռուսական բանակի բնույթը՝ սպանություններ, թալան, բնակչության դեպորտացիա Ռուսաստան եւ այլն, որի հետեւանքներն ավելի ծանր են լինելու, քան զուտ ռազմական տապալումները։

Այս ֆոնին, գեներալների անհանգստությունը հասկանալի է։ Ըստ տեղյակ աղբյուրների, ՌԴ ԳՇ մոտ երկու տասնյակ գեներալներ նամակ են փոխանցել Պուտինին, որում նշում են այն հետեւանքները, որոնք կարող են լինել հարձակումը շարունակելու դեպքում։ Գեներալները զգուշացրել են, որ հարձակումը շարունակելու դեպքում անխուսափելի են անձնակազմի ու զինտեխնիկայի էլ ավելի մեծ կորուստները, որոնք կարող են հանգեցնել բանակի ճգնաժամին, որի հետեւանքով ՌԴ-ն չի կարողանալու արձագանքել այն մարտահրավերներին, որոնք սպասվում են առաջիկայում։


Փորձագետները նույնպես նշում են խոշոր կորուստները հանգամանքը, առավել եւս այն բանից հետո, երբ Արեւմուտքը սկսում է հեռահար ու հարձակողական զենքի մատակարարումն Ուկրաինային։ Շատերն էլ արդեն խոսում են պատերազմը ՌԴ տարածք տեղափոխվելու հավանականության մասին։ Ընդ որում, նշվում է, որ բոլոր ուժերը կենտրոնացնելով արեւմտյան ճակատում, ՌԴ-ն մերկացրել է իր սահմանները մի շարք ուղղություններով։ Պուտինը սակայն հակված է շարունակել հարձակումը․ նրան ամեն գնով «հաղթանակ» է պետք, նշում են տեղյակ աղբյուրները։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/18/711887/