Իրանի զինված ուժերը Իսրայելի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այդ երկրի կենտրոնական շրջաններին։ Այս մասին երկուշաբթի օրը Ազգային բանակի օրվա տոնակատարության ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ։

«Եթե ձեր կողմից ամենափոքր շարժում լինի, որը կսպառնա մեր ազգին, ապա իսրայելական ռեժիմի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը»,- մեջբերում է նրա խոսքը ԻՌՆԱ-ն։


Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, մինչդեռ իսրայելական ուժերի ամենափոքր տեղաշարժը [այդ երկրներում] աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի եւ հետախուզության կողմից»։

Ապրիլի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի արվարձանները, որտեղ տեղակայված են եղել Իրանի հակաօդային պաշտպանության կայանքներն ու ռադիոտեղորոշիչ սարքերը։ Դուբայից հեռարձակվող Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել նաեւ ռազմական շարասյունին, որը իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ էր հասցնում սիրիական բանակի կողմից կռվող «Հըզբոլլահ»-ի շիական ջոկատների բազային։