Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում ԵՄ պատվիրակության ղեկավարին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որն Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ քայլ է։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
«Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին է հանձնել մեր պետության՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար լրացված հարցաթերթիկը»,- ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում։
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է իրեն «Եվրոպայի մաս, Եվրամիության մաս զգալ»։
Նա շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին եւ Մաասիկասին օպերատիվ աշխատանքի համար հարցաթերթիկը տրամադրելու հարցում։
«Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք եւ անդամակցության թեկնածու կդառնանք։ Դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։