«Պատերազմով չի ավարտվել գործընթացը, եթե տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ապա հասկանում ենք, որ այն փոշին, որ բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են, աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, և սա ոչ միայն Հայաստան-Ադրբեջան առանցքի մեջ է, սա շատ ավելի լուրջ է, և կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում։ Ես փորձեցի հասկացնել ձեզ», լրագրողներին ասել է նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Նա ասել է, որ հրաժարականի դիմում է գրել զորքերի հայելային հետքաշման Փաշինյանի նախաձեռնությունից հետո։ Նա նաեւ ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման պահանջ չի դրվել, ավելին՝ դիվանագիտության միջոցով հայկական կողմը հասել է համանախագահների երկու հայտարարության, որոնք շոշափում են հայկական շահերը։ Արա Այվազյանը վստահ է, որ հիմա էլ հնարավոր է դիվանագիտության միջոցով որոշակիորեն շտկել իրավիճակը։
Իսկապես, Արա Այբազյանից հետո ՀՀ ԱԳՆ կոչվող կառույցի հայտարարությունների բովանդակությունն աստիճանաբար փոխվեց՝ ազգային-պետական շահերից դեպի Բաքվի փաստաբանություն՝ «խաղաղ դարաշրջանի» հիմքով։
ԱԳ նախկին նախարարը փաստորեն հերքում է Փաշինյանի բոլոր պնդումները, որոնցով վարչապետը փորձում է հիմնավորել իր քայլերը։ Արա Այվազյանի խոսքում էական են մի շարք այլ շեշտադրումներ, որոնք նա «փորձում է հասկացնել» լրագրողներին։
Նախեւառաջ, այն մտայնությունը, թե Հայաստանից ոչինչ կախված չէ, Հայաստանը պարտվել է եւ ըստ այդմ՝ պարտավոր է «իրատեսական» քաղաքականություն վարել եւ այլն։ Պետք է նշել, որ այդ մըայնությունը բնորոշ է ոչ միայն տեր-պետրոսյանական-սարդարյանական «գաղափարաբանության» ժառանգորդ քպ-ական իշխանությանը, այլեւ նոմենկլատուրային ռուսանպաստ ընդդիմությանը։ Նոյեմբերի 9-ից հետո քպ-ական իշխանության «նախաձեռնությունները», ռուսանպաստ զլմ-ներում ու ցանցերում ողբի, կապիտուլյանտիզմի, հուսահատության տարածումը, ներքին նողկալի բանավեճերն ընդամենն այդ մտայնության դրսեւորումն են։ Այլապես, հազարավոր նահատակների սխրանքը կդառնար նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակում առաջացած հաճախ անսպասելի հնարավորություններն օգտագործելու հիմքն ու կռվանը։
Սակայն «մենք ոչինչ ենք» հավատամքը, որը խոստովանենք բնորոշ է նաեւ հանրային զգալի շերտերի, ընդամենը պետք է հանգեցներ Հայաստանի դեմ ագրեսիայի հեղինակների՝ ՌԴ-ի ու Թուրքիա-«Ադրբեջանի» քաղաքականության փաստաբանությանը։ Եթե ոչինչ ենք՝ ինչ գործ ունենք այս տարածաշրջանում, եւ ինչու դեռ կա հայկական գործոնը եւ պետականությունը։
Հայկական քաղաքականության հիմքը պետք է լիներ այս հարցի պատասխանն ու ընկալումը։ Որն է Հայաստանի դեմ Ռուսաստանի ու Թուրքիայի ագրեսիայի քաղաքական-քաղաքակրթական հիմքը։ Եթե կա դարավոր համատեղ ագրեսիան Հայաստանի դեմ՝ հայերի հայրենազրկման, ցեղասպանության, տարածքների բաժանման իրողությունը, նշանակում է կա նաեւ մեկ այլ իրողություն՝ հայկական գործոնը գոյաբանական խնդիր է Ռուսաստանի ու Թուրքիայի համար։ Սա ռեսուրս ու հնարավորությո՞ւն է քաղաքականության համար, թե համակերպվելու եւ ճղճիմ բանավեճերով արդարանալու հանգամանք։
Քաղաքական կարողության, աշխարհը քթից այն կողմ տեսնելու, ինտելեկտի, մոտիվացիայի հարց է։ Արա Այվազյանն ասում է՝ Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված։ Ավելացնենք՝ Հայաստանից ներկայում կախված է առնվազն երեք պետության գոյաբանական խնդիրը եւ Հայաստանի դեմ նրանց ոճրագործության «օրինականացման» հարցը։ Հայաստանի մեն-մի ստորագրությունից։ Վտանգավո՞ր է։ Իհարկե, բայց ի՞նչը չի վտանգավոր, «խաղաղության դարաշրջանն» ու «ռուսը չլինի՝ թուրքը մեզ կուտի» ներդրված հրեշավոր «հավատա՞մքը», որով Մոսկվան ու Անկարան Հայաստանին հարկադրում են իրենց դարավոր ոճրագործության «օրինականացումը»։ Այդ պարագային ո՞րն է քաղաքականության, քաղաքական ուժերի իմաստը։
Հայաստանի խորհրդարանը կազմող ուժերը մինչ այժմ քննարկման չեն դրել 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի խնդիրը, որը ներկայիս գործընթացների հիմքն է։ Ավելին՝ այս թեմայի վրա տաբու է դրված։ Սա արդեն իսկ այդ ուժերի իրական գնահատականն է։ Նրանք ուղիղ պատասխանատվություն են կրում կորսված ժամանակի ու հնարավորությունների համար։