«Հրապարակը» գրում է. «Օրերս Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվել է մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստի ընթացքում քննարկված մի շարք հարցերի թվում էր նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2013թ. մարզի սոցիալական ծառայությունների տարածքում արված ստուգումները, որոնց արդյունքում ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը պարզել է, որ լոռու մարզը պետությանը հասցրել է 3 մլն 557 հազար դրամի վնաս: Խոսքը պետական նպաստների և դրամական օգնությունների մասին է:
Պարզվել է, որ քաղաքացիներին տրվող նպաստների գումարների անհամապատասխանություններ կան: Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի քաղաքային և գյուղական համայնքներում որոշ ընտանիքների տրամադրվել են գումարներ, որոնք չպետք է տրվեին: Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցապ բաժնի պետ Վալերի Ջաղինյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ նշված անհամաձայնությունները հիմնականում անասնագլխաքանակը թաքցնելու հետ են կապված: Նա նաև հավելել է, որ մեկ ամսում Լոռվա մարզը պետությանը ետ է վերադարձրել 1 մլն 570 հազար դրամ». գրել է թերթը: