Սպիտակ տունը հրաժարվել է Սաուդյան Արաբիային նավթի արդյունահանումն ավելացնել համոզելու փորձերից՝ թագավորության բազմաթիվ մերժումներից հետո, ինչը երկու երկրների միջեւ աճող պառակտման վերջին նշանն է, գրում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի եւ գազի ներմուծումը, ինչը նպաստել է բենզինի գների կտրուկ աճին։ Իր հերթին ԱՄՆ-ը դիմել է Սաուդյան Արաբիային՝ գների իջեցման նպատակով արտադրությունն ավելացնելու խնդրանքով։
Սակայն սաուդցիները մերժել են, եւ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը, ըստ տեղեկությունների, անտեսել է նախագահ Ջո Բայդենի հեռախոսազանգերը: Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը նավթ արտադրողների ՕՊԵԿ+ դաշինքի հիմնական անդամներ են, որը մարտի վերջին որոշել է արդյունահանումը շատ քիչ ավելացնել՝ չնայած համաշխարհային գների աճին:
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան The Journal-ին ասել է, որ հրաժարվելով Սաուդյան Արաբիային ստիպել մեծացնել նավթի արդյունահանումը, ԱՄՆ-ը փոխարենը սկսել է խնդրել սաուդցիներին չանել այնպիսի բան, որը կարող է վնասել Ուկրաինայի հարցում Արեւմուտքի ջանքերին:
Հրատարակությունը այլ մանրամասներ չի հաղորդում, սակայն Սաուդյան Արաբիան այն երկրների թվում է, որոնք չեն դատապարտել Ռուսաստանին, իսկ թագաժառանգ Մուհամմեդը վերջերս առաջարկել է միջնորդ լինել բանակցություններում։
Իր նախագահությունից ավելի քան մեկ տարի անց Բայդենը դեռ պաշտոնապես չի հանդիպել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի կամ թագաժառանգ Մուհամմեդի հետ: