Ապրիլի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:
Կատարվածի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանի հետ, որն ասաց երեխային ընդունելու պահից հնարավոր ամեն ինչ արել են, անգամ կարողացել են վերակագնել երեխայի սրտի բաբախը.
«Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել, պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ»,- նշեց տնօրենը:
Ըստ վերջինիս՝ նախնական վարկածն այն է, որ եղել է շմոլ գազից թունավորում:
Նշենք, որ նախնական տեղեկություններով մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում, նշված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։