Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուներին աջակցության համար։
Ռոնալդուի նորածին որդու մահվան կապակցությամբ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման 7-րդ րոպեին լիվերպուլյան թիմի երկրպագուները «Էնֆիլդ» ստադիոնում ծափահարություններով աջակցություն էին հայտնել ֆուտբոլիստին։ Ռոնալդուն այդ հանդիպումը բաց էր թողել։
«Մեկ աշխարհ․․․ Մեկ մարզաձեւ․․․ Մեկ մեծ ընտանիք․․․ Շնորհակալություն, «Էնֆիլդ»։ Ես եւ իմ ընտանիքը երբեք չենք մոռանա հարգանքի եւ կարեկցանքի այդ ժեստը»,- գրել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լիվերպուլին» պարտվել էր 0։4 հաշվով։