5165 շարժման համախմբող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը տեղեկացնում է, այսօր իրազեկման հանրահավաք են նախաձեռնում Ազատության հրապարակում։

«Սիրելի բարեկամներ,


Մեր Համախմբումը շարունակում ենք իր արշավը՝ հանուն Արցախի և հայոց պետականության։

Այսօր առավոտյան մենք փոքրիկ դադար էինք վերցրել՝ վերլուծելու առաջին երկու օրերի արդյունքները, և պլանավորելու մեր հետագա քայլերը, որից հետո կվերադառնանք մեր գործողություններին։

Այսօր երեկոյան, 20:00, մենք իրազեկման հանրահավաք ենք նախատեսում Ազատության հրապարակում։ Կխոսենք նրանից, թե ինչպես է գործող իշխանությունը դավաճանել կոռուպցիայի դեմ պայքարի իր խոստումներին, ինչպես է նա փորձում կազմալուծել մեր երկրի պաշտպանությունը, և ինչպես կարելի է նորից վերականգնել մեր պաշտպանունակությունը և անվտանգությունը՝ առանց ստորացուցիչ զիջումներ անելու թշնամուն։

Սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում, և համոզված ենք, որ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել այն ամենը, ինչի մասին այսօր միայն կարող են երազել»։