«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս:
Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեեւ իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, եւ հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար: Իսկ ի՞նչ աղմկահարույց դեպքերի մասին է խոսքը:
2012 թվականին դանակահարել Էին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, եւ այս դեպքով մամուլում շոշափվեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը: Իսկ, ահա, մյուս դեպքը եղել էր 2016 թվականին: Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այդ ժամանակ Վարդեւան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը, եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել:
Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Եվ, ահա, կարճ ժամանակ անց Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միսակ Բալասանյանին, եւ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Գյումրի-Գարեջուր» ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, պարոն Բալասանյանը այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության նախագահի իր աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նմանատիպ տրամաբանությունը առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետեւ ե՛ւ քննչական գործողություններով, ե՛ւ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, եւ տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել: Իսկ պարոն Վարդեւան Գրիգորյանի որդու դեպքը շատ ցավալի դեպք էր, որը մենք եւս մեծ ցավով ենք տարել: Աբսուրդ է Ձեր մատնանշված կապը, քանի որ մահացածի հարազատներն էին հայտարարել, որ իրենց որդու դեպքը քաղաքական գործընթացների հետ կապ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում