ՀՀ իշխանությունները նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանացել և բոլորը բացատրություններ են սպասում նրանցից: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Մաքսային միություն մտնելու որոշմանը, նման տեսակետ արտահայտեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Եվ... եվ –ը ի չիք եղավ», - նշեց նա:
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի երեկ արված այն հայտարարությանը, որ ասոցացման պայմանագիրը և ԱՊՀ երկրների տնտեսական գործակցությունը համատեղելի են, նա նշեց, որ սա միայն Սերժ Սարգսյանի արված հայտարարության արձագանքն է և Եվրոպան նույնպես տարակուսում է:
«Այստեղ ընդամենը ասվում է, որ համադրվելու են: Որևէ միջազգային պայմանագիր չի բացառում այլ երկրների հետ համագործակցությունը: Որևէ նորմ չի հակասում դրան: Այլ կա տարբեր գոտիների շահերի բախում» - պարզաբանեց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքերով, եթե լինի այնպիսի որոշում, որ նոր ֆորմատով ստորագրվի ասոցացման համաձայնագիրը, դա մի քանի տարի ետ կգցի բանակցությունների ընթացքը: Ըստ Ա. Արզումանյանի, տեսականորեն միգուցե հնարավոր լինի, բայց ժամանակային առումով տարիներ կտեվեն:
Նա նշեց, որ ճիշտ չի համարում Ռուսաստանի հետ կապերի խզումը, այլ ընդհակառակը` պատգամավորի համոզմամբ, շատ դեպքերում պետք է խորացնել դա:
Ա. Արզումանյանը նույնպես այն կարծիքին է, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ են գործադրվել: «Չպետք է թույլ տալ, որ երկրի նախագահը գնա այլ քաղաք և ճնշումների ենթարկվի», - հայտարարեց նա, հավելելով, որ ամբողջ աշխարհի տպավորությունն այնն է, որ եղել են ճնշումներ և սպառնալիքներ: Նրա խոսքերով, այդ օրերին իշխող կուսակցության ներկայացուցիչներից շատերը նույնպես չգիտեին, թե ինչ է կատարվելու Մոսկվայում:
«Այս «անակնկալը» ցույց է տալիս, որ ճնշումներ եղել են», - եզրափակեց պատգամավորը: