«Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի կարելի գնահատել, այլ կերպ քան ինքնիշխանություն «անվտանգության» դիմաց», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը բացառում է լիարժեք անդամակցությունը Մաքսային միությանը: Մաքսային միությունը նախատեսում է վերպետական մարմինների գոյությունը, որին վերապահված են մեկ մաքսային տարածք ստեղծել և այդ մարմինն է կանոնակարգում առևտուրը երրորդ երկրների հետ.
«Դա ինքնիշխանության կորուստը կլինի, ինչը բացառում է ներկայիս Սահմանադրությունը: Ընդ որում՝ Սահմանադրության որևէ փոփոխություն չի կարող ապահովել այդ անդամակցությունը:Ակնհայտ է, որ այդ որոշումը ընդունվել է վերջերս, և կատարվել է Ռուսաստանի ահռելի ճնշման ներքո: Ռուսաստանը սպառնում էր սանձազերծել պատերազմ Ադրբեջանի կողմից և սրել ներքին իրավիճակը», -ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ պահը նույնպես հատկանշական է: Ակնհայտ է, որ Կրեմլը ուներ մի քանի նկատառումներ. նախ՝ մոտենում է Վիլնյուսի գագաթաժողովը: Օգտագործվեց այն պահը, երբ Արևմուտքի ուշադրությունը բևեռված է Սիրիայի վրա: Ռուսաստանը նաև լուրջ քայլ կատարեց Մեծ քսանյակի ժողովից առաջ:
«Այդ միությանը անդամագրվելը կնշանակի, որ արտաքին քաղաքականությունը Մոսկվան է վերահսկում, և, ինչպես տարիներ առաջ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բանակցությունների ժամանակ դուրս մղվեց Ղարաբաղը, այնպես էլ հիմա դուրս կմղվի Հայաստանը»,- ասաց նա: Ըստ նրա ՝ Մաքսային միությանը անդամագրվելը նաև լուրջ փոփոխությունների կառաջացնի տարածաշրջանում. Հայ-թուրքական հարաբերություններում հրամայողը ևս Ռուսաստանը կլինի, ինչպես նաև կկասեցվի հայ – վրացական հարաբերությունների զարգացումը: Վրաստանը էլ ավելի սերտորեն կհամագործակցի Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
«Ներքաղաքական իմաստով կընդլայնվի իշխող կոալիցիան և դա տեղի ունենալուց հետո ազատությունների քաղաքացիական ինստիտուտների զարգացումները կիջեցվի այն մակարդակի, որ կա հիմա Ռուսաստանում»,- նշեց Դավիթ Շահնազարյանը և հավելեց. «Այս ամենը կանխելու ռեալ ճանապարհը մեկն է` քաղաքական ուժերը, հասարակությունը, որոնց համար անկախությունն ու ազատությունը բացարձակ արժեք են, դա չպետք է թույլ տա»: