Արցախի խորհրդարանի հայտարարությունը սահմանում է այն խնդիրներն ու կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է անցնի բանակցություններում։ Պետք է նշել, որ 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր սա առաջին պաշտոնական հայտարարությունն է, եւ Արցախի խորհրդարանը, հայտարարությունն ունենալով որպես հիմք, պետք է շարունակի հայկական իրավունքների ու պահանջների հիմքով «փաթեթի» ձեւավորումը վճռորոշ այս ժամանակահատվածում։


Բեկման ուղղությամբ առաջին քայլն արվել է, որը շարունակություն է ենթադրում։ Միեւնույն ժամանակ, կարեւոր արձանագրումներ են կատարվում միջազգային տարբեր հարթակներում, որոնք մեծացնում են հնարավորություններն այս ուղղությամբ։ Նախեւառաջ այն, որ Արցախն այդ հարթակներում դադարում է դիտարկվել որպես «ռուսական շահերի եւ ուժի տարածք», ինչը սպառնում էր Արցախը վերածել կրկնակի թիրախի, նկատի առնելով Ռուսաստանի շուրջ ներկայիս զարգացումները։ Հայ մի փոքր խմբի ջանքերով այս սպառնալիքը կարծես թե հեռացվել է, սակայն վճռական խոսքը Արցախինն է։ Արցախի ԱԺ հայտարարությունը, նախագահի ու քաղաքական ուժերի՝ հիմնարար խնդիրների շուրջ համաձայնությունը հույս են ներշնչում, որ խնդիրը գիտակցվում է, եւ պահպանվելու է դարերից եկած իրողությունը, երբ Արցախը պահել է հայկական պետության գաղափարն այս կամ այն դրսեւորումներով։

Գուցե շատերի համար հաճելի չհնչի, սակայն այս հրամայականը պահպանվում է նաեւ այսօր, նկատի առնելով հայաստանյան այսպես կոչված քաղաքական-հասարակական ուժերի գերակշիռ մասի «բանավեճերի» որակն ու բովանդակությունը, ազգային-պետական խնդիրների, իրավունքի այլասերված, կենցաղային-ծիսական պատկերացումները։ Հայաստանի խորհրդարանը կազմող ուժերն այդպես էլ երկրի թիվ մեկ հարթակում քննարկման չդրեցին հայկական ազգային-պետական հիմնախնդիրները, այդ թվում՝ Արցախի խնդիրը, խուսափելով ճանաչման եւ վերամիավորման իրագործման վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու պատասխանատվությունից։


Դա նշանակում է, որ այս ուժերը, մեղմ ասենք, գործում են ռուս-թուրքական տանդեմի պայմանների ու պահանջների եւ թշնամական թեզերի՝ «Արեւմուտքը ուզում է Արցախը հանձնել Ադրբեջանին, Ռուսաստանը չի թողնում», «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել կարգավիճակի նշաձողը» եւ այլն, շրջանակներում։

Հայկական քաղաքական պահանջները պետք է դուրս բերվեն այս շրջանակից։ Քարագլխի իրադարձությունները, հայկական դիմադրության դրվագի ուժն ու դրան Մոսկվայի ու Բաքվի նյարդային արձագանքը ցույց տվեցին ճանապարհը՝ հայերի դեմ ոճրագործությանը պետք է տրվի համարժեք գնահատական ու ճիշտ սահմանվի պատասխանատվությունը։ Արցախի խորհրդարանն իր հայտարարությամբ արել է դա, եւ դա է Արցախի հայկականության ու Հայաստանի փրկության ճանապարհը։ Արցախի իշխանությունն ու քաղաքական ուժերը չպետք է շեղվեն այդ ճանապարհից։ Մոսկվայի ու Բաքվի նպատակները քաջ հայտնի են, դրանք կանխելու ճանապարհը՝ հստակ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/28/713873/