Դեռ ամիսներ առաջ ես կանխատեսել էի, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Ոչ բոլորի հույսերը կարելի է բավարարել և այդպես էլ եղավ, այս դեպքում հուսախաբ եղավ Եվորպան», - նշեց նա, հավելելով, որ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի ձևով հուսախաբ չի անի իր ռազմավարական ընկերոջը:

Նրա խոսքերով, եթե Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ուրեմն Հայաստանը չի կարող որդեգրել Եվրոպական համագործակցության ուղին:

Մաքսային միություն մտնելու որոշումը, քաղաքագետի խոսքերով, միանշանակ բխում է Հայաստանի շահերից և ելնում է նաև Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից: «Մաքսային միության դեպքում որևէ անջրպետ չի ստեղծվի մեր և Արցախի միջև», - հայտարարեց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին արված սպառնալիքներին, նա նշեց. « Որևէ ռուսական չինովնիկի մասին պարտադրանքի մասին լուրեր լսե՞լ եք: Ոչ, իսկ եվրոպացի չինովնիկների կողմից սպառնալիքներ եղել են», - եզրափակեց նա:

Ըստ նրա` քաղաքական դաշտն անկատար է, քանի որ բոլորը հրաժարվում էին որևէ տեսակետ արտահայտել կամ քննարկում հրավիրել նման հարցերի շուրջ: Նրա համոզմամբ, հենց դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը իր անունից որոշում կայացրեց, քանի որ քաղաքական ուժերը լռում էին:

Քաղաքագետը նաև հայտարարեց, որ Եվրոպան գալու է խնդրի, որ Հայաստանը նախաստորագրի ասոցացման համաձայնագիրը: