Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում և ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Դրա համար պետք է խորամուխ լինենք, թե ինչ չափանիշներով է գնահատվում ազգային մրցունակության զեկույցը, որովհետև կան բազմաթիվ չափանիշներ, որտեղ ակնհայտ է, որ մենք դեռևս անելիքներ ունենք»,-իր խոսքում նշեց Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը թվարկեց Հայաստանի հանրապետության հինգ ուշագրավ առավելությունները և թերությունները:

«Առաջին մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բզինես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ՝ 25-րդ տեղը և պետական կառավարման բեռի ուղղությամբ` 34-րդ տեղը»,-նշեց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը նշեց նաև ուշագրավ թերությունները, որոնք հետևյալն են.
«Առաջինը կառավարման դպրոցների որակն է՝ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունը՝ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղը և համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը՝ 139-րդ տեղը: Այս հարաբերական ուժեղ և թույլ կողմերը մեզ հուշում են, թե մենք ինչ անելիքներ ունենք»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը, հանձնարարելով նախարարություններին ուսումնասիրել հաշվետվությունը և իրենց ոլորտների վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ: