Օդի ջերմաստիճանը Հնդկաստանի եւ Պակիստանի որոշ շրջաններում հասել է ռեկորդային մակարդակի, ինչը սպառնալիքի տակ է դրել միլիոնավոր մարդկանց կյանքը, տեղեկացրել է CNN-ը։
Հնդկաստանի օդերեւութաբանական վարչության (IMD) տվյալներով՝ միջին առավելագույն ջերմաստիճանը Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում եւ կենտրոնական մասում ապրիլին ամենաբարձրն է եղել 122 տարվա ընթացքում՝ հասնելով Ցելսիուսի 35,9 եւ 37,78 աստիճանի։
CNN-ի օդերեւութաբանների տվյալներով՝ անցած ամիս Նյու Դելիում յոթ օր անընդմեջ ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 40 աստիճանը, ինչը երեք աստիճանով բարձր է ապրիլի միջին ջերմաստիճանից։ Որոշ նահանգներում շոգի պատճառով փակվել են դպրոցները, վնասվել է ցանքսը, առաջացել են էներգիայի մատակարարման խնդիրներ, քանի որ պաշտոնական անձինք բնակիչներին նախազգուշացրել են, որպեսզի նրանք մնան տանը եւ չջրազրկվեն։
Շոգի ալիքը զգացել է նաեւ Հնդկաստանի հարեւան Պակիստանը, որտեղ հարավարեւելյան Սինդ նահանգի Ջեյկոբադադ եւ Սիբի քաղաքներում ուրբաթ գրանցվել է Ցելսիուսի 47 աստիճան։ Սա Հյուսիսային կիսագնդում այդ օրը գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է։
Փորձագետ Չանդնի Սինգհի խոսքով՝ անհրաժեշտ է ավելի լավ պատրաստվել տապի հաջորդ ալիքներին։ «Մենք շոգի դեմ պայքարելու պլան չունենք»,- ասել է Սինգհը։ «Դուք կարող եք հարմարվել միայն մինչեւ որոշակի պահ։ Շոգի այս ալիքը ստուգում է մարդկային կենսակայունության սահմանները»։