Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և ինքը դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում արձագանքելով իր հրաժարականի պահանջին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները.
«Այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։
Արձագանքելով Փաշինյանին՝ Արմեն Ռուստամյանն ասաց.
«Եթե Ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով՝ կարող եք արդարացնել այն ձախողումները, որ Դուք եք բերել այս երկրի գլխին, չարաչար սխալվում եք»։
Փաշինյանն արձագանքեց, թե իրեն պետք է ուշադիր լսեն, քանի որ կարևոր բացահայտում ունի անելու։
Իրավիճակն ԱԺ-ում լարվեց։
«Ախ, չէիք ուզում լսել, բա էդ ասեք», - բղավեց Փաշինյանը՝ շարունակելով. «Ոնց միշտ փախել եք, այ տենց միշտ փախնելու եք»։
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։