Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, որի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է անվտանգության խնդիրների մասին․ «Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով»:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել էր․ «Շատ առումներով այսօր դժվարին ժամանակներ են: Դրանք մարտահրավեր են նաև Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներում»։ Նա խոսել էր նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հարցում ԱՄՆ հանձնառության մասին, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր։
Այս արձանագրումները հատկանշական են վերջին մեկ ամսվա բուռն իրադարձությունների համատեքստում, որոնց խթանը Արցախի Քարագլխի շրջանում ՌԴ եւ Բաքվի զինվորականների համատեղ գործողությունն էր, որին բավական կոշտ արձագանքեց ԱՄՆ-ն։ Հայկական հողերի «օտարման» ռուս-թուրքական մեխանիզմի բացահայտումը ապալեգիտիմացնում էր ոչ միայն ռուսական խաղաղարության, այլեւ «եռակողմ ձեւաչափով կարգավորման» մոսկովյան առանց այդ էլ միջազգայնորեն ոչ լեգիտիմ ծրագրերը։ Զուր չէ, որ դրանից հետո Լավրովը հայտարարեց Մինսկի խմբի չեղարկման մասին եւ խոստովանեց, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ՄԽ-ում պաշտպանում էին հայկական կողմի շահերը։ Լավրովին անմիջապես ձայնակցեց Բաքուն, հաստատելով, որ ՄԽ ձեւաչափի նպատակը «հայկական ուժերի օկուպացիան օրինականացնելն էր»։
Մոսկվան հակաարեւմտյան քարոզչական լայն արշավ սկսեց Հայաստանյան ռուսանպաստ ագենտուրայի ու մեդիա-փորձագետների միջոցով, «Արեւմուտքը ցանկանում է Արցախը հանձնել Ադրբեջանին» հրահանգ-թեզի շրջանակում, իսկ ռուսանպաստ «ընդդիմությունը» փողոցային ակցիաներ սկսեց Հայաստանում։ ՔՊ-ական իշխանությունն իր հերթին իր «խաղաղ դարաշրջանը» հիմնավորում է նրանով, որ «միջազգային գործընկերները պահանջում են իջեցնել կարգավիճակի նշաձողը» եւ հայտարարում, թե այդ ճանապարհով չգնալու դեպքում կրկին պատերազմ կլինի, այդպիսով միանալով Բաքվի շանտաժին։
Մոսկվայի խնդիրը պարզ է, ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն։
Ըստ էության, Հայաստանի հարավը եւ ներկայիս «շփման գիծը» առայժմ պահպանվում են Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշման շնորհիվ։ ԱՄՆ-ն Երեւանից ու Բաքվից պահանջել է զերծ մնալ հակամարտության վերսկսման քայլերից, միաժամանակ ՀՀ իշխանությանը հավաստիացնում է անվտանգության խնդիրներում իր հանձնառության մասին՝ որպես «Հայաստանի ուժեղ եւ իրական բարեկամ»։ Թղթերով մեր «ռազմավարական բարեկամը»՝ Ռուսաստանը լիովին բացահայտել է իր ծրագրերը, այն է՝ արագացնել Հայաստանը թուրքերին հանձնելու իրագործումը, Հայաստանի «արեւմտացումը» թույլ չտալով։
Հայաստանի քաղաքական վերնախավի փոփոխության խնդիրը կենսական հրատապություն է․ ՀՀ խորհրդարանը կազմող իշխող ու «ընդդիմադիր» ուժերը համարժեք չեն Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/04/715109/