Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. ««Ով էս պայքարի հետ չի, Նիկոլ ա»,- երեկ ասել է Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր ընթացիկ շարժման ընթացքում ավելի վտանգավոր հայտարարություն դեռ չէր արվել` նման բարձր մակարդակով։
Փաստորեն, հասարակության սորտավորումն ոչ միայն Նիկոլի ու նրա «հեղափոխության» խմբի, այլ նաև առնվազն` ՀՅԴ-ի կամ «Հայաստան» դաշինքի ձեռագիրն է։
Նիկոլենք հասարակությունը բաժանում են «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», դաշնակցականները` «Նիկոլների» և «հայրենասերների»: Ու որևէ մեկը կարծում է, որ նման շանտաժով կարող է հանրահավաքի մասնակիցների թի՞վ ավելացնել։ Լավ չեք ճանաչում մեր ժողովրդին։ Օրինակ՝ իմ պես մտածող մարդիկ, որոնք Փաշինյանին պատուհաս են համարում ու նրա հեռացումը` անհրաժեշտություն, նման շանտաժով հրապարակ երբեք չեն գա։
Ավելին, նման հայտարարություններով ընդամենն իշխանության դիրքերն եք ուժեղացնում։ Նիկոլ Փաշինյանից դժգոհների թիվը շատ-շատ ավելի մեծ է, քան այն առավելագույն 15000-ը, որ դուք կարողանում եք հավաքել։ Հիմա ի՞նչ` այդ 15000-ից դուրս մնացածը Նիկո՞լ են։ Իսկ գուցե անկե՞ղծ լինեք, փորձեք պարզե՞լ, թե ո՞ւմ կամ ի՞նչ պատճառով հասարակությանը չեք կարողանում կոնսոլիդացնել` նույնիսկ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանն իրական կողմնակիցներ գրեթե չունի։
Նույն տրամաբանությամբ` ես կարող եմ ասել, որ Իշխան Սաղաթելյանն է Նիկոլ, որովհետև 2018-ին նաև ՀՅԴ ձայների միջոցով է դարձել վարչապետ։ Նույն տրամաբանությամբ կարող եմ ասել, որ Նիկոլից դժգոհ հասարակությունը տասնյակ հազարներով հրապարակ չի գալիս, որովհետև նայում է հարթակին ու Ռոբերտ և Սերժ է կարդում։
Նիկոլին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ ձեր մեջ փնտրեք ու կհասկանաք, թե ինչու տասնյակ հազարներ չեն հավաքվում»։