Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեց Խաչիկյանի առաջին տեղակալ Արա Հարությունյանը, ով աշխատանքից ազատվել է 2011թ.-ին,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Վկան դատավարության մասնակիցներից բոլորին ճանաչում էր և նշեց, որ ոչ մեկի հանդեպ թշնամանք չունի:

Ա.Հարությունյանը դատարանին հայտնեց, որ 2010թ. Վազգեն Խաչիկյանի մոտ խորհրդակցություն է եղել, որտեղ քննարկվել է Գյումրու տարածքային բաժնում առկա խախտումները և հավելեց, որ քննարկումը մասնավորապես վերաբերել է տարածքային բաժնում թաղման նպաստների կրկնակի վճարումներին: Խաչիկյանն էլ հանձնարարել է, հնարավորինս շուտ վերականգնել գումարները:

Վկայի խոսքով, խորհրդակցությունից որոշ ժամանակ անց Կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը մի օր աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժամը 8-9-ին, իրեն է փոխանցել մի փաթեթ և խնդրել որ տա Խաչիկյանին: Սկզբում վկան նշեց, թե ինքն անգամ չի իմացել, որ փաթեթում գումար է, ապա պաշտպանական կողմի հարցադրումներն օգնեցին հասկանալ, որ վկան իմացել է, որ փաթեթում Գյումրու տարածքային բաժնում առկա խախտումների վերականգնված գումարի մի մասն է եղել:

Վկան էլ այդ փաթեթը փոխանցել է Վազգեն Խաչիկյանին:

Այսօրվա դատական նիստը եզակի կարելի է համար, քանի որ Խաչիկյանը ուշի ուշով հետևում էր վկայի ցուցմունքին: Անգամ հարցեր տվեց նրան, փորձելով ճշտել, արդյոք այս կամ այն հարցի պատասխանը ինքը ճիշտ է լսել:

Այսօր հարցաքննված մյուս 5 վկաները՝ ի տարբերություն առաջինի, հայտարարեցին, որ դատավարության մասնակիցներից ոչ մեկի չեն ճանաչում և որ իրենք գործին ծանոթ են, քանի որ առնչվում է իրենց հարազատներին, ովքեր երկար տարիներ ԱՄՆ-ում են եղել:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, որի ժամանակ կշարունակվի վկաների հարցաքննությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարցաքննվելու է Ռուբիկ Մնացականյանը, դատարանը նրան հարցաքննելու համար գրություն է ուղարկվել Արթիկի մեկուսարան, քանի որ նա մեկ այլ գործի շրջանակներում անցնում է որպես մեղադրյալ։