Սոցիալական ցանցերում առավոտից տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պատշգամբից մի քանի անգամ միջնամատ է ցույց տալիս ցուցարարներին ու թքում երթով անցնող ցուցարարների վրա։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների այս երթը առաջնորդում էին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ Տարոն Մարգարյանը, Տիգրան Աբրահամյանը։

«Ազատությունը» նույնականացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան փողոցում, որտեղ գրանցված է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը։

Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նախ ասաց, թե միջադեպը չեն մեկնաբանում։
Ավելի ուշ ԱԺ նախագահը որոշեց արձագանքել և պնդեց, թե իր մայրը՝ Մարիա Հովհաննիսյանը ցուցարարների շարքերից հնչող վիրավորնքներին է պատասխանել։ Սակայն տեսանյութում երևում է միայն երթի ընթացքում պատշգամբ դուրս եկած տիկնոջ արձագանքը։


«Այո, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ հասցեին և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չի դիմացել», - ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ իր մայրը պետք է անցնի պաշտոնյաներին՝ ընդդիմադիր պատգամավորներին, վիրավորելու հոդվածով։ Ասում է, թե մոր միջնամատն ու վիրավորանքը ուղղված է եղել ոչ թե նրանց, այլ երթի շարքերում գտվող իրեն վիրավորած քաղաքացիներին։


Նրա կարծիքով, իրավապահները պետք է որոշեն՝ սա ուշադրության արժանի՞ դրվագ է, թե՞ ոչ. - «Ինչ վերաբերվում է իրավական մասին, եթե, բնական է, նման հանցակազմ կա, իհարկե որևիցե մեկը օրենքի առջև առավելություն չունի և չի կարող ունենալ»։