«Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդները կիրակի կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր հնարավոր պատժամիջոցները, փոխանցում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հանդիպումը երկրներին հնարավորություն կտա ցանկացած նոր միջոցներ համաձայնեցնել, ինչպես ասել է աղբյուրներից մեկը: Ակնկալվում է, որ տեսաժողովին կմիանա նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները պնդում են պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել՝ Ռուսաստանում մայիսի 9-ին կայանալիք տոնական զորահանդեսին ընդառաջ:
Քննարկումներն սկսվել են Եվրամիության կողմից պատժամիջոցների վեցերորդ փաթեթը սահմանելու առաջարկի ֆոնին: ԵՄ պատժամիջոցային փաթեթը ենթադրում է աստիճանական հրաժարում ռուսական նավթի ներկրումից:
Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ն կքննարկի նաեւ քիմիական նյութերի եւ մեքենաշինական ապրանքների արտահանման վերահսկման առավել խիստ կանոնների սահմանումը:
ԵՄ-ն առաջարկել է նաեւ Սբերբանկը, Մոսկվայի վարկային բանկը եւ Ռոսսելխոզբանկն անջատել SWIFT միջազգային վճարային համակարգից, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել նախկին օլիմպիական մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայի նկատմամբ, որն, ըստ ԵՄ փաստաթղթերի, «սերտորեն կապված է» Վլադիմիր Պուտինի հետ: