Կրեմլը հույս է հայտնել, որ Հայաստանում բողոքի ցույցերի այս փուլն էլ կանցնի, նորից կսկսի կայունության շրջանը, որը «թույլ կտա մեզ աստիճանաբար շարժվել դեպի եռակողմ համաձայնությունները, որոնք Ռուսաստանի նախագահի մանակցությամբ վերջնական տեսքի են բերվել»։ Կրեմլը հաստատում է, որ Հայաստանում թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, թե ներկայիս «անկայունության փուլերի» հեղինակն ինքն է․ առաջին դեպքում՝ եռակողմ հայտարարությունն անշրջելի դարձնելու, երկրորդ դեպքում՝ դրանց իրագործումն անշրջելի դարձնելու համար։ Անկայունության փուլերի դերակատարները նույնն են՝ թե այն ժամանակ, թե հիմա եռակողմ հայտարարություններին հավատարմության երդումներով։ Այս երկու փուլերում Մոսկվայի մյուս նպատակը միջազգային լեգիտիմ կառույցների, մասնավորաբար Մինսկի խմբի միջամտության բացառումն էր։


Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավի հաջողությունը Պուտինին ոգեշնչեց Ղազախստանի եւ Ուկրաինայի դեմ արշավ սկսելու հարցում՝ «հողերի հավաքման ու Ռուսաստանի վեհության վերականգնման» կարգախոսների տակ։ Սակայն Ղազախստանից Պուտինը ստիպված էր նահանջել Չինաստանի ու Թուրքիայի պահանջով (նա պարզապես չէր կարող մերժել Ռուսաստանի այս երկու շահառուներին, որոնց հովանու ներքո ՌԴ-ն հույս ուներ ապագայում պահպանվել որպես պետություն), իսկ Ուկրաինայում բախվեց անսպասելի հանգամանքների՝ պարզվեց ուկրաինացիները հայեր չեն, Արեւմուտքն էլ՝ միջուկային շանտաժից վախեցող «թուլակամների կույտ»։ Իր հերթին, ռուսական արշավի երկու ոգեշնչողները՝ Թուրքիան ու Չինաստանը, ոգեւորությամբ հետեւում են իրադարձությունների զարգացմանը։

Ուկրաինայում ձախողումը Մոսկվային ստիպում է արագացնել Հայաստանի պետականության ոչնչացման եւ Կովկասը թուրքերին հանձնելու պլանը՝ իր անխուսափելի հեռանալը հնարավորինս անկորուստ կազմակերպելու համար։ Ուկրաինայում ՌԴ-ն գործում է ուղիղ, իր դեմքով, Արցախում այս տարվա մարտ ամսին թուրքերի հետ համատեղ ոճրագործությունից ու ՄԽ չեղարկումից հետո Հայաստանի դեմ նույնպես կանգնած է ուղիղ՝ իր դեմքով, որքան էլ փորձում է «վերջնական տեսքի բերված եռակողմ համաձայնություններում» ներկայանալ որպես միջնորդ ու խաղաղարար։

Բոլոր դիմակները պատռված են, եւ հիմա Փաշինյանն ու Քոչարյանն էլ չեն օգնի Ռուսաստանին՝ «եռակողմ հայտարարություններն ավելի լավ կատարելու», «Արցախում իրավիճակը սառեցնելու», «Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու, ուղիղ կապի, Հայաստանի թաթարստանացման» եւ այլ անհեթեթություններով։ Թե ինչ է լինելու Ռուսաստանը Պուտինի ավարտին, արդեն մոտավորապես պարզ է, եւ ռուսական պետության անկայունության նոր փուլում «ախրանկայի» հովանու ներքո քննարկումներ են ընթանում երկրի գոնե 1/5-ը պահելու ուղղությամբ։


Հայաստանի դեմ արշավը չափազանց ծանր է արժեցել ու արժենալու Ռուսաստանին։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/06/715558/