Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մտնել Մաքսային միություն և պետք է իր հարաբերությունները խորացնի դաշնակցի հետ: «Սա բխում է մեր պետական շահերից և սա արվել է ելնելով պետության քաղաքական շահերից», - կարծում է Շարմազանովը:
Նրա խոսքերով, այս որոշման մեջ որևէ սենսացիոն բան չպետք է փնտրել, քանի որ տարիներ շարունակ իրենք ասել են, որ Եվրասիական ինտեգրացիան և Եվրոպական ինտեգրացիան շատ կարևոր է և փոխլրացնող: «ՀՀԿ-ն բազմիցս քննարկել է, որ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները իր Եվրասիական գործընկերների հետ», - հայտարարեց նա:
Շարմազանովը նշեց, որ Մաքսային միություն մտնելու որոշումը պետք է վավերացվի ԱԺ-ում և այդ ժամանակ կարող են բոլորը իրենց կարծիքները ասել և քննարկում կազմակերպել:
Նրա խոսքերով, նման որոշումները կատարվում են ելնելով պետության շահերից: Ըստ նրա շանտաժի մասին բոլոր խոսակցությունները ծիծաղելի են: Նա նշեց, որ նիստի ընթացքում բոլորը հավանության են արժանացրել որոշմանը, այդ թվում՝ վարչապետը, քանի որ Է. Շարմազանովի խոսքերով, վարչապետը միշտ էլ նշել է, որ Մաքսային միությունը և Ասոցացման համաձայնագիրը համատեղելի են:
«Ո՞վ է ասում, որ Մաքսային միությունը խանգարում է Ասոցացման համաձայնագրին: Այս որոշումը չի նշանակում, որ դադարեցվում է հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ», - եզրափակեց ԱԺ փոխնախագահը: