Ինչպես արդեն հայտնել էինք, Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վանաձորի բնակիչ, 32-ամյա Գևորգ Վարդանյանը, որն աշխատում է «Ռաֆթինգ Արմենիա Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն, քննչական մարմնին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում վերոնշյալ ընկերության կողմից կազմակերպված ջրային ռաֆթինգի ժամանակ, «Ճամպրուկս ու ես հաղորդաշարի շրջանակներում իրականացվող նկարահանումների ընթացքում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կմ-ում գետի վարարած լինելու պատճառով փչովի ռետինե նավակը շրջվել է, ինչի հետևանքով նավակի մեջ գտնված ռաֆթինգի 4 և նկարահանում իրականացնող 3 մասնակիցներն ընկել են գետը:
Նրանցից 6-ը (որոնց տվյալները պարզվում են) իրենց ուժերով կարողացել են դուրս գալ գետից, իսկ Արմինե Ճաղարյանին շուրջ 10 կմ գետը տարել է: Նրան հայտնաբերել են փրկարարական ջոկատի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Դեբեդ գետում՝ Սանահին կայարան թաղամասին հարակից հատվածում և անգիտակից վիճակում մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: