Այս երկու օրերին Արտաքին գործերի նախարարությունում սգո օրեր են: Դրա պատճառը Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արված «Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը» հայտարարությունն է

: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը.

«Շփոթահար են հատկապես այն պաշտոնյաներն ու շարքային աշխատողները, ովքեր հույս ունեին, որ Հայաստանը չի միանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, հակառակը` անշեղորեն կգնա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի նախաստորագրմանը:

Նրանցից ոմանք այս մի քանի տարիներին աշխատել են այդ փաստաթղթերի վրա, դրա շրջանակներում շփվել են ԵՄ պաշտոնյաների հետ եւ հատկապես վերջին շրջանում գրեթե կասկած չեն ունեցել, որ կձախողվի այդ գործընթացը: Նրանք հիմա շփոթահար են ոչ միայն այն պատճառով, որ հնարավոր է դանդաղի կամ կասեցվի Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացը, այլ նաեւ այն պատճառով, որ առաջիկայում ստիպված են լինելու եվրոպացի իրենց գործընկերներին բացատրել կամ արդարացնել Ս. Սարգսյանի այդ քայլը:

ԱԳՆ-ի մեր աղբյուրների համաձայն` այդ փաստաթղթերի վրա աշխատող պաշտոնյաները նաեւ խիստ մտահոգություն ունեն, որ ԵՄ-ն հնարավոր է պատժի Հայաստանին՝ կիրառելով քաղաքական ու տնտեսական որոշակի պատժամիջոցներ: Չեն բացառում, որ շուտով միջազգային կառույցներն իրար հետեւից սկսեն իջեցնել Հայաստանի ցուցանիշները եւ խիստ բացասական զեկույցներ ու հայտարարություններ հրապարակեն: Վերհիշեն անցած բոլոր իրադարձությունները` սկսած Մարտի 1-ի դեպքերից մինչեւ վերջին ընտրություններն, ու տարբեր դասակարգումներում Հայաստանին ընդգրկեն բացասական ցուցանիշներ ունեցող երկրների շարքում: Իսկ իրենք նորից ստիպված են լինելու աշխատել դրանք ինչ-որ կերպ մեղմելու ուղղությամբ...»,- գրում է «Ժամանակը»: