Վերջերս Գյումրիի քաղաքապետն անհասկանալի քաղաքականություն է վարում. մի կողմից ազատվում է մանկապարտեզների տնօրեններից, մյուս կողմից էլ թոշակառուներին եւ նախաթոշակային տարիքի մարդկանց աշխատանքի է ընդունում քաղաքապետարանում: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Տեղի մեր աղբյուրի տեղեկացմամբ, այդ կադրերից մեկն էլ 68-ամյա Արտուշ Մովսիսյանն է, ով գործնականում ոչնչով չի զբաղվում:
205000 դրամ «նպաստ»-աշխատավարձով քաղաքապետարանում աշխատող հաջորդ կադրը քաղաքապետի 65-ամյա խորհրդական Վրույր Սուքիասյանն է: Նրա վերջին «աշխատանքը» եղել է գյումրեցի 100-ամյա տատին այցելելը: Գյումրեցիները դիպուկ նշում են` եթե նրա պարտականությունը 100-ամյա տատիկ-պապիկներին այցելելն է, նա այլեւս քաղաքում անելիք չունի, քանի որ 100 տարին բոլորած երկրորդ գյումրեցի դժվար թե գտնվի:
Մյուս «թանկ» խորհրդականը 205000 դրամ աշխատավարձ ստացող 68-ամյա Ժաննա Պետրոսյանն է:
Մի փոքր «շրջայց» կատարեցինք Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում ու պարզվեց, որ Բալասանյանի փեսան` փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, 62 տարեկան է, աշխատակազմի քարտուղարը` 60, քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը` 64, մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը` 61: Մյուսներին էլ չենք թվարկում:
Իհարկե, մենք միտում չունենք թոշակային եւ այդ շեմին մոտեցող կադրերի ընտրության քաղաքապետի չափորոշիչներին անդրադառնալ, սակայն առնվազն տարօրինակ է, որ մանկապարտեզների տնօրենների թոշակային տարիքը հակաօրինական է համարում մի պաշտոնյա, որն իրեն շրջապատել է նույն տարիքի անձանցով»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):