Հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը գործող 45 հազար դրամի փոխարեն կլինի 50 հազար դրամ: Այս մասին այսօր կառավարությունում միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման հարցերի քննարկման ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը,-այս մասին հայտնում է karabakh-open.info-ն:

Նա նաեւ խոսել է թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման մասին, տեղեկացնելով, որ հունվարի 1-ից, նախնական տվյալներով, թոշակները կբարձրանան 18-20 տոկոսով, իսկ աշխատավարձերը միջինը՝ 20 տոկոսով:

Վարչապետը նաեւ նշել է, որ աշխատավարձերի քաղաքականության մեջ նոր տրամաբանություն է մտցվելու, ըստ որի, ամեն տարի ոչ թե ըստ ոլորտների են բարձրացվելու աշխատավարձերը, այլ հաշվարկվելու են նվազագույն աշխատավարձի չափը հիմք ընդունելով, իսկ նվազագույն աշխատավարձը կաճի ամեն տարի: Գալիք տարի, ըստ Արա Հարությունյանի, ԼՂՀ պետբյուջեում սոցիալական ծախսերն ավելանալու են շուրջ 8 մլրդ դրամով՝ կապված աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման հետ:

Նախնական հաշվարկներով, գալիք տարվա բյուջեն կազմելու է շուրջ 81 մլրդ դրամ, 2015թ.՝ 89 մլրդ դրամ, իսկ 2016-ին՝ մինչեւ 100 մլրդ դրամ՝ իհարկե տնտեսական աճի նման տեմպերի ապահովման դեպքում,-նշել է վարչապետը՝ կառավարության անդամներին հանձնարարելով գալիք տարվա բյուջեն կազմելիս ավելացումներ նախատեսել միայն աշխատավարձերի մասով: Ծրագրային ավելացումներ ոչ ոք չնախատեսի, հորդորել է կառավարության ղեկավարը: