Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի շրջանակներում հայտարարվել է Վլադիմիր Պուտինի առաջիկա պետական այցը Հայաստան։ Նշվել է հավանական ժամկետը՝ հոկտեմբեր-դեկտեմբեր։
Ուկրաինա ներխուժելուց հետո Պուտինն անցանկալի անձ է դարձել համաշխարհային ակումբներում։ Քննարկվում է G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության հարցը, որը կանցկացվի նոյեմբերին Ինդոնեզիայում։ G20-ի ֆինանսների նախարարների վերջերս կայացած հանդիպմանը արևմտյան երկրները բոյկոտել են Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությունը և լքել նիստերի դահլիճը։ Ռուսաստանը դուրս է մղվում միջազգային գրեթե բոլոր կառուցներից։
Իրավիճակը ուկրաինական ճակատում նույնպես Ռուսաստանի համար անհաջող է։ Ռուս պաշտոնյաների հայտարարություններում անհետացել են հիշատակումները հաղթանակի, Կիևի «նացիստական ռեժիմի» փոփոխության և այլ «վեհ» նպատակների մասին։ Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարում են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրության մասին, Չինաստանը սկսել է խոսել Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության մասին։ Ղազախստանում բացահայտ հայտարարում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, իսկ ՀԱՊԿ-ում ուկրաինական պատերազմի հետ կապված «գառների լռությունը»՝ Ղազախստանից խայտառակ ճողոպրելուց հետո, վկայում է այս կազմակերպության մոտալուտ մահվան մասին։
Այս ֆոնին ռուս-հայկական քաղաքական ակտիվության իմիտացիան նման է անբուժելի հիվանդ ազգականի խնամքին: Հիվանդ հարազատների մեղսունակությունն ու իրավասությունը, որպես կանոն, կասկածի տակ են։ Այսպես են սկսել ընկալել Ռուսաստանին՝ ուշադրություն չդարձնելով անգամ միջուկային սպառնալիքներին։ Լավրովը Դուշանբեում գանգատվել է, որ Արևմուտքը փորձում է «վերաինտեգրել» ռուսամետ դաշինքները և Կենտրոնական Ասիայի երկրներին «համոզել» գործ չունենալ Ռուսաստանի հետ, որն, իբր, արդեն կորցրել է իր հզորությունը։
Այս առումով․ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման «եռակողմ» ձեւաչափը լուրջ կասկածներ է առաջացնում։ Ընդ որում, հայտնի չէ՝ կկայանա Պուտինի այցը Հայաստան։ Ճտերն աշնանն են հաշվում:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/15/717307/