«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլում տեղի ունեցածը եւ դրանից հետո ընդունված որոշումը ցավով են ընդունվել Ադրբեջանի Հանրային հեռուստառադիոընկերությունում։

Ընկերության հայտարարությունում, ինչպես տեղեկացրել է APA-ն, նշված է. «Հայտարարում ենք, որ մենք մրցույթի կազմակերպիչներին ենք ուղարկել այն երկրների անունները, որոնց համար քվեարկել է ադրբեջանական ժյուրին։ Այդ ցուցակի համաձայն՝ 12 միավոր տրվել է Ուկրաինային։ Ի պատասխան՝ մրցույթի կազմակերպիչները համառորեն խնդրել են Հանրային հեռուստառադիոընկերության ներկայացուցիչներին հրապարակել արդյունքները եզրափակիչ շոուի վերջում՝ որեւէ հիմնավորում չնշելով։ Մենք վճռականորեն մերժել ենք։ Կազմակերպիչներին անմիջապես ուղարկվել է պաշտոնական նամակ՝ հարցապնդմամբ, որում նշվել է, որ մենք ուղիղ եթերով կհրապարակենք ոչ թե ստացված արդյունքները, այլ մեր ժյուրիի ձայները, ինչպես նաեւ կհրապարակենք այս հարցը։ Միայն դրանից հետո մեզ տեղեկացրին որոշ «տարօրինակության» մասին՝ կապված 6 երկրների, այդ թվում Ադրբեջանի ձայների հետ, հինգշաբթի, կիսաեզրափակիչ փուլի ժամանակ։ Նշենք, որ այդ «տարօրինակության» առնչությամբ մեզ որեւէ տեղեկություն չեն տրամադրել հինգշաբթիից մինչեւ շաբաթ, մինչեւ եզրափակչի ավարտ, ոչ մի «ապացույց» առայսօր չի տրամադրվել։

Չնայած եթերի ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության ներկայացուցիչը լիովին պատրաստ էր հրապարակել Ադրբեջանում ժյուրիի քվեարկության արդյունքները, մրցույթի կազմակերպիչները Բաքվի հետ չեն կապվել, հրապարակել են իրենց արդյունքները մեր անունից։ Նրանք դա կապել են տեխնիկական խնդիրների հետ։

Չնայած որեւէ տեխնիկական խնդիր ուղիղ եթերում ձայների հրապարակման հետ կապված մենք չենք ունեցել։ Մեկ անգամ եւս ընդգծում ենք. մենք կազմակերպիչներին որեւէ իրավունք չենք տվել քվեարկության արդյունքները հրապարակել Հանրային հեռուստատեսության անունից։

Սպասում ենք հարցի պաշտոնական պատասխանին եւ դրանից կախված՝ նախատեսում ենք ձեռնարկել հաջորդ քայլերը։ Հույս ունենք, որ իրավիճակը առաջիկայում կկարգավորվի արդարացի պայմաններում»։