Գիտակցելով Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու մեր պատասխանատվությունը՝ մենք ընդգծում ենք մայրցամաքում լարվածության նվազեցման կարևորությունը և վերահաստատում ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործնական համագործակցություն հաստատելու մեր պատրաստակամությունը։ Սա մայիսի 16-ին Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության դրույթն է։
Ռուսական քարոզչության հակաՆԱՏՕ հիստերիայի ֆոնին նման հատվածը միանգամայն բնական է թվում։ Չնայած նրան, որ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ «հատուկ գործողությունը» ձեռնարկել է «ՆԱՏՕ-ի ընդլայնումը» կանխելու համար, տեղի է ունեցել հակառակը․ պատերազմի այս 3 ամիսների ընթացքում Շվեդիան և Ֆինլանդիան դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, իսկ Ուկրաինայի բանակն աստիճանաբար վերազինվում է ՆԱՏՕ-ի չափանիշներով։
Հատկանշական է, որ Պուտինն այսօրվա ելույթում ասել է, որ Ռուսաստանը խնդիրներ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ, քանի որ Ռուսաստանը նրանց հետ տարածքային վեճեր չունի։ Բայց Ուկրաինայի հետ տարածքային վեճ կա, և Պուտինը չի ցանկանում առճակատում ՆԱՏՕ-ի հետ «տարածքային վեճերի» պատճառով։
Ի՞նչ դիմակայություն, եթե ՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Երեկ Ռուսաստանն ԱՄՆ-ում իր դեսպանի մակարդակով առաջին անգամ խոսեց Ուկրաինայում կապիտուլյացիայի մասին։ Թեև դեսպանն ասել է, որ դա տեղի չի ունենա, բայց կապիտուլյացիայի հիշատակումն արդեն իսկ հատկանշական է եւ հուշում է, որ նահանջի քայլեր են քննարկվում։ Եվ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ցանկությունը նման քայլերից է։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/16/717579/