Ուկրաինացի զինվորականներին դուրս են բերում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հրապարակելով ավտոբուսների լուսանկարները։ Տեղեկությունը հաստատել են նաեւ Ուկրաինայի գլխավոր շտաբում:
«Ազովստալ»-ը պաշտպանած ուկրաինացի զինվորականները դուրս են բերվում գործարանի տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հրապարակելով ավտոբուսների լուսանկարները։ Տեղեկությունը հաստատում է նաեւ Ուկրաինայի գլխավոր շտաբը։
«Ազովստալ»-ը լքել է ընդհանուր 264 զինծառայող, որոնցից 53-ը վիրավորվել են, հայտնում է Գլխավոր շտաբը։ Reuters-ի փոխանցմամբ՝ վիրավորներին տեղափոխել են Նովոազովսկ քաղաք։ Այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո։ Վիրավորներին Նովոազովսկ տեղափոխելու մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Մնացած 211 զինվորականներին մարդասիրական միջանցքով տարհանել են Ելենովկա, որը եւս գտնվում է «ԴԺՀ»-ի վերահսկողության տակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Մարիուպոլից տարհանումը. «Ուկրաինացի զինվորականների՝ Ուկրաինայի զինված ուժերի, հետախուզության, ինչպես նաեւ բանակցային խմբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի գործողությունների շնորհիվ մենք հուսով ենք, որ կկարողանանք փրկել մեր տղաների կյանքը: Ուզում եմ ընդգծել, որ ուկրաինացի հերոսներն Ուկրաինային ողջ են պետք։ Սա է մեր սկզբունքը։ Կարծում եմ, որ այս խոսքերը կհասկանա յուրաքանչյուր ադեկվատ մարդ»:
Ուկրաինացի զինվորականները գերության մեջ են գտնվում, թե՞ ոչ, պաշտոնապես չի հայտարարվել։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով՝ նրանց «տուն վերադառնալու համար փոխանակման ընթացակարգ կիրականացվի»։
«Ազով»-ի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն ասել է, որ «կյանքեր փրկելու համար Մարիուպոլի ամբողջ կայազորը կատարում է բարձրագույն ռազմական հրամանատարության հաստատված որոշումը եւ ապավինում է ուկրաինացի ժողովրդի աջակցությանը»։
Իրենց հերթին ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբին, հայտնում են, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ավելի քան 250 ուկրաինացի զինվոր է հանձնվել, այդ թվում՝ 51 վիրավոր։
«Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից հանձնվել է ընդհանուր 256 ուկրաինացի զինյալ։ Գերիների թվում վիրավորների թիվը 51 մարդ է կազմում»,- ասվում է շտաբի տելեգրամյան ալիքում։ Ներկայումս վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվում, հավելել են շտաբից։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Ազովստալ»-ից զինյալների դուրսբերման հարցը վերահասցեավորել է պաշտպանության նախարարությանը։
«Ես մանրամասն տեղեկություն չունեմ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այնուամենայնիվ, պետք է մեր զինվորականներին հարցնել»,- ասել է նա երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում: Պեսկովը ՊՆ-ին է վերահասցեավորել նաեւ հարցը՝ արդյո՞ք Մոսկվան ուկրաինական բանակին եւ ազգային գումարտակներին, որոնք գտնվում են «Ազովստալ»-ում են եւ պատրաստվում են հանձնվել, ռազմագերիներ կամ ռազմական հանցագործներ են համարում, եւ արդյո՞ք այն պատրաստ կլինի նրանց փոխանցել Կիեւին: «Վերահասցեավորում եմ ձեզ մեր զինվորականներին»,- ասել է նա:
Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ այդ մարդկանց հետ «կվարվեն համապատասխան միջազգային օրենքների համաձայն»։