2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայկական իրականության մեջ որոշակի պարբերականությամբ ի հայտ են գալիս հիասթափություններ ու դժգոհություններ՝ կապված ՀԱՊԿ-ի անգործության կամ թերգործության հետ։ Այդ դժգոհությունները առժամանակ արտահայտվում են սոցիալական ցանցերում ու առցանց եթերներում՝ երբեմն, անգամ, վերածվելով ՀԱՊԿ-ից դուրս գալու անհասցե պահանջների։ Սակայն, ինչպես դա պատահում է բավականին հաճախ, այդ դժգոհությունները շատ արագ իրենց տեղը զիջում են ավելի ակտուալ թեմաներին ու մոռացության մատնվում՝ մինչև ՀԱՊԿ-ի հաջորդ անգործությունը կամ անգործունակության դրսևորումը։
Հարկ է, որ ՀԱՊԿ-ի անգործունակությանը անընդհատ բախվող ու դրանից անընդհատ զարմացող ու զայրացող մարդիկ մեկ անգամ գոնե փորձեն հասկանալ դրա պատճառները։ Նախ և առաջ, անհրաժեշտ է արձանագրել այն, որ ՀԱՊԿ-ի բովանդակությունը չի համապատասխանում իր անվան և ոչ մի բառին։ Այն հավաքական չէ, ավտանգության մասին չէ, և պայմանագրի կազմակերպություն չէ, իսկ, ավելի ճիշտ, ընդհանրապես միջազգային կազմակերպություն չէ։
ՀԱՊԿ-ը Ռուսաստանի և անդամ երկրներից յուրաքանչյուրի անհատական հարաբերությունների հավաքական շրջանակն է։ Եթե կուզեք, նախկին մետրոպոլիայի ու նախկին գաղութների ուղղահայաց հարաբերությունների հարթակներից մեկն է ընդամենը, որը պետք է շրջանակի անվտանգային քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի ակնկալիքները։ Այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանի ձևակերպմամբ, իր «օրինական» շահերի գոտին է, դրանում ուժային լուծումներ իրացնելու իրավական պատվարը և յուրաքանչյուր պետության հետ անհատապես աշխատելու մի հարմար հավելյալ հարթակ։ Այն Ռուսաստանի՝ միջազգային ասպարեզում ուժ ցուցադրելու լեգիտիմությունը ապահովող մի ֆասադ է՝ հավաքական անվտանգության երաշխավորման ամպագոռգոռ խոստումով։ Հայաստանում տարածված լավագույն ձևակերպման պես՝ ՀԱՊԿ-ում անվտանգային համակարգը թղթերով կարգին վիճակում է, պրակտիկ առումով՝ անգործունակ։
Այն, ըստ էության, կապ չունի հավաքականության սկզբունքի հետ, քանի որ անդամ պետությունները հարաբերություններ ունեն միայն Ռուսաստանի հետ և քիչ թե շատ լուրջ համագործակցություն չունեն միմյանց հետ, նաև՝ հավաքականության նշույլ իսկ չունեն որևէ ոլորտում, անգամ՝ անվտանգային հարցերից դուրս։ Այն անվտանգային չէ, քանի որ իր պատմության ընթացքում դեռևս չի կարողացել կանխարգելել կամ լուծել իր անդամ պետությունների առջև ծառացած որևէ արտաքին լուրջ վտանգ։ Ի դեպ, բովանդակային հարթությունում նման նպատակ երբևէ չի էլ դրել։
Այն պայմանագրի կազմակերպություն չէ, քանի որ չի կառավարվում կանոնադրությամբ ու կազմակերպություններին հատուկ այլ նորմատիվ իրավական ակտերով։ Ավելին, կառուցակարգայնացման առաջին էլեմենտները դրանում սկսեցին նշմարվել Հայաստանում հեղափոխությունից հետո, երբ պարզ դարձավ, որ որոշումների կայացման միակ մարմնում՝ պետությունների ղեկավարների խորհրդում հայտնվել է մարդ, ով, պայմանական ասած, Պուտինի, Լուկաշենոյի ու Նազարբաևի «դասարանից» չէ, և ում հետ պայմանավորվել ներքին խաղի կանոններով՝ չի ստացվելու։ Իսկ ՀԱՊԿ-ը մինչ այդ կառավարվում էր հենց այդպես մի քանի անհատների պայմանավորվածություններով, որոնք իրենց հերթին, որպես կանոն, այսպես, թե այնպես գտնվում էին Ռուսաստանի ղեկավար դասի ընդհանուր գծի մեջ։ Այս սկզբունքն, իհարկե, չի փոխվել, դրանում սոսկ ավելացել են կառուցակարգայնացման որոշակի բաղադրիչներ՝ նորեկների «ինտեգրումն» ու նախկին պարտավորությունների արագ կատարման շարունակականությունն ապահովելու համար։
Այս ամենը հաշվի առնելով՝ հարկավոր է մեկընդմիշտ արձանագրել որ ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգության մասին չէ և, առնվազն դրանով, այն որևէ կերպ երբևէ չի կատարելու իր պարտականությունները Հայաստանի առջև, ինչ է՝ թղթի վրա այդպիսիք կան։ Չի բացառվում որևէ օգնություն կամ միջամտություն, բայց միայն այն դեպքում, երբ այդպիսին լինի Ռուսաստանի շահը, այլ ոչ՝ դրա կարիքն ունենա Հայաստանը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նաև արձանագրել, որ ՀԱԿՊ-ից դուրս գալով խնդրի լուծումներ առաջարկողները քաղաքական լուծման փոխարեն շփոթում են պատճառն ու հետևանքը։ Իրավիճակն այսպիսին է ոչ այն պատճառով, որ Հայաստանը կամ որևէ այլ երկիր ՀԱՊԿ-ի անդամ են։ Իրավիճակն այսպիսին է, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտում է։ Ավելին, այդ ազդեցությունը ունի միայն աճի միտում, իսկ ՀԱԿՊ-ն այդ ազդեցության շրջանակներից ընդամենը մեկն է։ Եվ ուրեմն, խնդիրը պետք է լինի Ռուսաստանի ազդեցության ու Ռուսաստանից Հայաստանի կախվածության հնարավորինս նվազեցումը, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերի արագ լուծումները երևան կգան հետևանքի տեսքով։
Նյութի աղբյուր՝ https://radar.am/hy/news/opinion-2505526400/