Չորեքշաբթի օրը ամբողջ երկրում Բուլղարիայի տրանսպորտային ընկերությունների աշխատակիցների համազգային բողոքի ցույց է անցկացվում։ Ցուցարարները դեմ են վառելիքի բարձր գներին եւ ուղեվարձի նոր սակագների ներդրմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բուլղարիայի մի շարք շրջաններում ամբողջությամբ դադարեցվել է միջքաղաքային ավտոբուսների սպասարկումը, ակցիայի մասնակիցների հարյուրավոր ավտոբուսներ եւ բեռնատարներ ամբողջությամբ կամ մասամբ արգելափակել են երթեւեկությունը երկրի կենտրոնական ճանապարհներին։ Ակնկալվում էր, որ Սոֆիայում ակցիային կմասնակցի մոտ 600 բեռնատար, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանց թույլ կտան մտնել քաղաքի կենտրոն։ Բողոքի ակցիա կանցկացնեն նաեւ տաքսու եւ հասարակական տրանսպորտի վարորդները, իսկ Սոֆիայի կենտրոնում մի քանի հազար մարդու մասնակցությամբ ցույցեր կանցկացվեն։ Ակցիային, սակայն, խոչընդոտում է եղանակը, հորդառատ անձրեւների եւ ամպրոպների պատճառով ողջ հանրապետությունում վտանգի դեղին եւ նարնջագույն մակարդակ է հայտարարվել։


«Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի ընդունել տնտեսական միջոցառումների ամբողջական փաթեթ՝ մեր պահանջներին համապատասխան»,- ասել է ցույցի կազմակերպիչներից Մագդալենա Միլտենովան։

Ներկայումս Բուլղարիայում AI-95 բենզինի գինը գերազանցել է 3 լեւան (մոտ 1,5 եվրո), իսկ դիզելային վառելիքինը՝ 3,3 լեւան (մոտ 1,6 եվրո), ինչը փոխադրումները դարձնում է ոչ ձեռնտու եւ ինֆլյացիա է հրահրում։